ԳԱԱ ղեկավարությունն ունի կամք աշխատելու, գիտական ոլորտը բարեփոխելու և ունենալու այնպիսի գիտությունների ակադեմիա, որն այսօր անհրաժեշտ է Հայաստանին։ Բայց դրա համար մեզ պետք է տալ հնարավորություն, արձակել մեր կապած ձեռքերը՝ օրենսդրության տեսակետից։ Այս մասին այսօր, փետրվարի 2–ին ԳԱԱ–ում կայացած ԿԳՄՍ նախարար ժաննա Անդրեասյանի հետ հանդիպման ժամանակ ասաց ԳԱԱ նախագահ Աշոտ Սաղյանը։

Նա նշեց, որ ավելի քան մեկուկես տարի առաջ, իր նախագահ ընտրվելուց հետո, ԳԱԱ Նախագահությունը նախաձեռնել է ակադեմիական համակարգի բարեփոխումների ծրագիր։

«Ցավոք սրտի այդ ծրագիրը մեծամասամբ չի հաջողվել իրականացնել օբյեկտիվ պատճառներով, որովհետև դրանք հիմնականում կախված էին կանոնադրական փոփոխության հետ, իսկ դա պահանջում է օրենսդրական փոփոխություն, որը ցավոք սրտի առ այսօր չի կատարվել», – ասաց նա, հավելելով, որ պատրաստ է նաև ԳԱԱ նոր կանոնադրության նախագիծը, որը ևս նույն ճակատագրին է արժանացել, այսինքն, մնացել է անարձագանք։

Ըստ Աշոտ Սաղյանի, կազմվել է 8-9 խոշոր գիտական կենտրոն ստեղծելու նախագիծ, որը փոխանցվել է ԿԳՄՍ նախարարություն և կառավարության աշխատակազմ, սակայն ԿԳՄՍՆ Գիտության կոմիտեն գերադասել է չշտապել, և քննարկվում է առայժմ երկու այդպիսի կենտրոն ստեղծելու նախագիծը։

Աշոտ Սաղյանը նաև տեղեկացրեց, որ Ակադեմիան նաև մշակում է ծրագրեր, որոնք ուղղված են պետության ուժեղացմանը, տնտեսության զարգացմանը։ «Ինչո՞ւ նախկինում չենք արել, որովհետև ես պատկերացնում էի, որ նման պատվերներ պետք է իջեցվեն վերևից։ Սակայն այս մեկուկես տարվա ընթացքում որևէ առաջարկություն, որևէ գերատեսչությունից չի եղել։ Եվ նույնիսկ մեր առաջարկներին չեն արձագանքել, ոչ ԲՏԱ–ն, ոչ առողջապահության նախարարությունը, ոչ էլ էկոնոմիկայի», – ասաց նա։

Ակադեմիայի հասցեին հնչող մեղանդրանքներին, թե իբր այն պատշաճ կերպով չի արձագանքում երկրի առջև ծառացած մարտահրավերներինն, ԳԱԱ նախագահը նշեց, որ Ակադեմիան իր առաջարկները շատ օպերատիվ ներկայացնում է, բայց դրանք մնում են անարձագանք։ Օրինակ, ԳԱԱ–ն դիմել է կառավարություն երեք ինստիտուտների հիման վրա Ադրբեջանի պատմական կեղծիքներին արագ հակազդելու նպատակով կենտրոն ստեղծելու համար, և կառավարությունը դա ձևակերպել է որպես «հրատապ հարց», որին պետք է արձագանքել 40 օրվա ընթացքում, բայց նշված ժամկետում էլ արձագանք չի եղել։ «Մենք ժամանակին արձագանքում ենք, բայց այդ արձագանքները տեղ չեն հասնում», – ասաց նա։