Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը խստորեն բողոքում է Վրաստանում կալանավորված Ուկրաինայի քաղաքացի Միխեիլ Սաակաշվիլիի նկատմամբ անմարդկային վերաբերմունքի դեմ։

«ԽՍՀՄ ՆԿՎԴ-ի ամենավատ ավանդույթների համաձայն՝ վրացական իշխանությունները հոգեբանական եւ ֆիզիկական բռնություն են գործադրում Միխեիլ Սաակաշվիլիի նկատմամբ, մերժում են նրան շտապ բժշկական օգնությունը՝ դիտավորյալ անմիջական վտանգ ստեղծելով նրա կյանքի համար։ Ուկրաինայի քաղաքացու նկատմամբ մարդու իրավունքների կոպիտ խախտումը հակասում է ԵՄ-ին անդամակցելու Թբիլիսիի հայտարարած կուրսին եւ վկայում է Վրաստանում ժողովրդավարության սահմանափակման մասին»,- ասվում է Ուկրաինայի ԱԳՆ հայտարարության մեջ։

Այսպես, Ուկրաինան կոչ է անում վրացական իշխանություններին անհապաղ դադարեցնել Սաակաշվիլիին ծաղրելը եւ նրան հանձնել Ուկրաինային։

«Հանուն քաղաքական վրեժի մարդու կյանքի հետ մի խաղացեք։ Մենք նաեւ դիմում ենք օտարերկրյա կառավարություններին եւ միջազգային կազմակերպություններին՝ կոչ անելով հրապարակայնորեն պաշտպանել Ուկրաինայի քաղաքացուն՝ Վրաստանի նախկին նախագահին, ում կյանքին վտանգ էր սպառնում վրացական իշխանությունների քաղաքական բռնաճնշումների պատճառով»,- հայտարարել են գերատեսչությունում։