Իտալիայի կառավարությունն ուրախ կլինի աջակցել նախկին վարչապետ Մարիո Դրագիին Եվրամիության ներկայացուցչի հնարավոր նոր պաշտոնում, հինգշաբթի ասել է արտգործնախարար Անտոնիո Տայանին։

Գերմանական Handelsblatt թերթն այս շաբաթ հայտնել է, որ Դրագիի թեկնածությունը քննարկվում է ԵՄ-ի «Գլոբալ դարպասներ» ռազմավարության հատուկ ներկայացուցչի պաշտոնի համար:

«Եթե նա ցանկանա դա, նրան կաջակցենք կառավարությունում բոլորս»,- ասել է Տայանին Հռոմում տեղի ունեցած միջոցառման ժամանակ՝ պատասխանելով հնարավոր նշանակման մասին հարցին:

Բրյուսելը ներկայացրել է 300 միլիարդ եվրոյի (327,36 միլիարդ դոլար) «Գլոբալ դարպասներ» ենթակառուցվածքի գլոբալ ծախսերի պլանը 2021 թվականի համար՝ այն անվանելով Չինաստանի «Գոտի եւ ճանապարհ» նախաձեռնության ավելի լավ եւ էկոլոգիական այլընտրանք:

Պեկինն իր ծրագիրը 2013 թվականին է սկսել՝ աշխարհի հետ իր առեւտրային կապերն ընդլայնելու համար, եւ Կենտրոնական Ասիան այն տարածաշրջաններից է, որտեղ Չինաստանը մեծ ներդրումներ է կատարել:

Դրագին մեծ հարգանք է վայելում ԵՄ շրջանակներում որպես Եվրոպական կենտրոնական բանկի (ԵԿԲ) նախկին ղեկավար, որն օգնել է ամրապնդել եվրոն՝ 2011-2012 թվականներին սուվերեն պարտքի ճգնաժամի ժամանակ։

Նա Իտալիայում 2021-2022 թվականներին գլխավորել է կոալիցիոն կառավարությունը, որին հոկտեմբերին փոխարինել է Ջորջիա Մելոնիի աջ վարչակազմը։