Nissan ընկերությունը 2021 թվականին հայտարարել է մինիմալիստական դիզայնով երկտեղանի էլեկտրական ռոդսթերի ստեղծման մասին։ Այն ժամանակ ճապոնական ապրանքանիշը ցուցադրել էր մոդելը թվային տեսքով։ Այժմ բրենդը ներկայացրել է կոնցեպտուալ բաց Max-Out էլեկտրաքարը՝ ֆիզիկական տարբերակով, գրում է Motor-ը։

Չնայած այն հանգամանքին, որ մեքենան միայն դիզայներական մոդել է, իրականում վիրտուալ ռոդսթերի մարմնավորումն ընկերության համար մեծ քայլ է դեպի ապագա:

Max-Out կոնցեպտը նախատեսված է ցուցադրելու Nissan-ի տեխնոլոգիաները մեքենաների զարգացման մեջ, ինչպես նաեւ «ազատության եւ բացության զգացումը», որին ձգտում է ընկերությունը: Ֆուտուրիստական էլեկտրական ռոդսթերն առանձնանում է պարզեցված կորպուսով, օրիգինալ անվային դիսկերով, ոչ մեծ դիմապակիով, հետեւի լուսավորությամբ եւ թվային էկրանով, որտեղ սովորական մեքենաները ռադիատորի ցանց ունեն:

Nissan-ի ներկայացուցիչները չեն բացահայտել նախատիպի տեխնիկական բնութագրերը։ Ըստ լուրերի՝ երկտեղանի բաց մեքենան սրահի փոխակերպման լայն հնարավորություններ կստանա։ Տվյալներ չկան նաեւ նման մեքենայի շարքի ստեղծման մասին։

Մինչեւ 2030 թվականը ապրանքանիշը պատրաստվում է թողարկել 23 նոր էլեկտրիֆիկացված մոդելներ, որոնցից 15-ը ամբողջությամբ էլեկտրական կլինեն։