Հինգշաբթի Եվրախորհրդարանը ընդունել է բանաձեւ, որում մանրամասն շարադրվում են նրա ակնկալիքները փետրվարի 3-ին Կիեւում կայանալիք ԵՄ-ի եւ Ուկրաինայի քաղաքական առաջնորդների միջեւ կայանալիք գագաթաժողովից։ Ինչ վերաբերում է ԵՄ-ին անդամակցելու Ուկրաինայի հեռանկարներին, տեքստը կոչ է անում ԵՄ-ին «աշխատել անդամակցության բանակցություններ սկսելու ուղղությամբ եւ աջակցել ճանապարհային քարտեզին, որը նախանշում է հաջորդ քայլերը, որոնք հնարավորություն կտան Ուկրաինային միանալ ԵՄ միասնական շուկային»:

«Վերահաստատելով 2022 թվականի փետրվարի 28-ին երկրի պաշտոնական դիմումից հետո Ուկրաինայի ապագա անդամակցությանն իրենց հանձնառությունը՝ Եվրախորհրդարանի պատգամավորներն ընդգծում են, որ անդամակցությունը արժանիքների վրա հիմնված գործընթաց է, ներառյալ համապատասխան ընթացակարգերի պահպանումը եւ ԵՄ-ին առնչվող բարեփոխումների եւ անդամակցության չափանիշների իրականացումը:

Նրանք նաեւ կոչ են անում ուկրաինական իշխանություններին հնարավորինս արագ իրականացնել էական բարեփոխումներ՝ ԵՄ անդամակցության չափանիշներին արդյունավետորեն համապատասխանելու համար։

Բանաձեւը նաեւ կոչ է անում ԵՄ անդամ երկրներին ավելացնել եւ արագացնել իրենց ռազմական օգնությունը, մասնավորապես՝ զենքի տրամադրումը Կիեւին, ինչպես նաեւ անհրաժեշտ քաղաքական, տնտեսական, ենթակառուցվածքային, ֆինանսական եւ հումանիտար աջակցությունը։

Այն նաեւ կոչ է անում Ուկրաինա-ԵՄ առաջիկա գագաթաժողովի ղեկավարներին առաջնահերթություն տալ Ուկրաինայի վերականգնման համապարփակ փաթեթին:

«Եվրախորհրդարանը նաեւ կոչ է անում պատժամիջոցներ կիրառել այնպիսի ընկերությունների դեմ, ինչպիսիք են «Լուկօյլ»-ը եւ «Ռոսատոմ»-ը, որոնք դեռեւս առկա են ԵՄ շուկայում: Պաշտոնյաները, որոնք ներգրավված են անօրինական գործողությունների լայն շրջանակում, ներառյալ բռնի տեղահանումները եւ օկուպացված ուկրաինական տարածքում կեղծ հանրաքվեների անցկացումը, նույնպես պետք է ենթարկվեն պատժամիջոցների»,- մասնավորապես ասվում է հաղորդագրության մեջ։