ՆԱՏՕ-ի Սենատի մոնիտորինգի խմբի համանախագահներ, ԱՄՆ սենատորներ Ջին Շահինը եւ Թոմ Թիլիսն այսօր երկկուսակցական նամակ են հղել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին՝ մտահոգություն հայտնելով ՆԱՏՕ-ին անդամակցելու Շվեդիայի եւ Ֆինլանդիայի հայտերի վավերացման Թուրքիայի շարունակական ձգձգումների կապակցությամբ: Այս մասին հաղորդվում է սենատոր Ջին Շահինի կայքում։

Նամակում նշվում է, որ Կոնգրեսի կողմից Թուրքիային F-16 կործանիչների վաճառքի քննարկումը չպետք է սկսվի այնքան ժամանակ, քանի դեռ չեն վավերացվել ՆԱՏՕ-ի արձանագրությունները։

«Մենք մտահոգությամբ գրում ենք նախագահ Էրդողանի եւ Թուրքիայի Հանրապետության կողմից Հյուսիսատլանտյան դաշինքին (ՆԱՏՕ) Շվեդիայի եւ Ֆինլանդիայի միանալու արձանագրությունների վավերացման շարունակական ձգձգումների կապակցությամբ: Արձանագրությունները չվավերացնելը կամ վավերացման համար ժամկետ չներկայացնելը սպառնում է Հյուսիսատլանտյան դաշինքի միասնությանը պատմության բեկումնային պահին, քանի որ Ռուսաստանը շարունակում է իր չհրահրված ներխուժումը Ուկրաինա: Թուրքիայի հետ արդյունավետ եւ փոխշահավետ երկկողմ անվտանգության հարաբերությունները բխում են Միացյալ Նահանգների շահերից, եւ մենք ա սպասում ենք կառավարության կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի եւ Ֆինլանդիայի միանալու արձանագրությունների վավերացմանը»,- գրել են սենատորները։

«Այնուամենայնիվ պետք է հաշվի առնել Թուրքիայի, Ֆինլանդիայի եւ Շվեդիայի միջեւ եռակողմ փոխըմբռնման հուշագրով նախատեսված իր պարտավորությունները չկատարելը, քանի որ Կոնգրեսը չի կարող դիտարկել Թուրքիային ապագա աջակցությունը, ներառյալ F-16 կործանիչների վաճառքը, մինչեւ Թուրքիան չավարտի անդամակցության արձանագրությունների վավերացումը»,- գրել են սենատորները Բայդենին ուղղված նամակում։