2022թ. արդյունքներով՝ Ղազախստանն ավելացրել է նավթի արտահանումը՝ շրջանցելով Ռուսաստանի տարածքով անցնող երթուղիները։ Անցած 12 ամիսներին այդ ցուցանիշը հասել է հումքի 1,8 մլն տոննայի, տեղեկացրել է Reuters գործակալությունը՝ հղում կատարելով սեփական հաշվարկներին։

«Ռուսաստանի շրջանցմամբ արտահանվել է 1,8 մլն տոննա նավթ (օրական 36 հազար բարել), ցուցանիշը 2021թ. համեմատ ավելացել է 638 հազար տոննայով»,- նշվել է հրապարակման մեջ։

Ընդ որում՝ ղազախական հումքի մատակարարումների հիմնական ներմուծողներն են դարձել Վրաստանը, Ադրբեջանը, Չինաստանը եւ Ուզբեկստանը։ Նավթի մեծ մասն ուղարկվել է Չինաստան, նշվել է հոդվածում։

«Ռուսաստանը շրջանցող երթուղիներով Չինաստան է հասցվել 1,26 մլն տոննա նավթ, 214 հազար տոննա ուղարկվել է վրացական Բաթում նավահանգիստ, 141 հազար տոննա՝ Բաքվի նավթավերամշակման գործարան, 109 հազար տոննա՝ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշար եւ 80 հազար տոննա՝ Ուզբեկստան»,- նշվել է հրապարակման մեջ։