ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը հայտարարել է, որ Ռուսաստանը Եվրոպայում եւ աշխարհում առաջատար դիրք է զբաղեցնում ինտերնետի օգտատերերի թվով եւ հասանելիությամբ։

«Ռուսաստանը զբաղեցնում է առաջին տեղը Եվրոպայում այն քաղաքացիների թվով, ովքեր ինտերնետ ունեն։ Անցած տարվա արդյունքներով՝ մենք աշխարհում վեցերորդն էինք տանն ինտերնետի եւ ցանց մտնելու հասանելիությամբ եւ տասներորդը՝ դատա-կենտրոնների թվով»,- ասել է Միշուստինը՝ ուրբաթ ելույթ ունենալով Digital Almaty լիագումար նիստում։

Նա ընդգծել է, որ Ռուսաստանում կա տեսլական, թե ինչպես տեխնոլոգիաների ազդեցությամբ կփոխվի աշխարհը։ «Մենք հասկանում ենք, թե ինչպես են զարգանում նման պրոցեսները, ուստի ԵԱՏՄ-ում հաճախ հանդես ենք գալիս որպես թվայնացման նախաձեռնողներ, աջակցություն ենք ցուցաբերում գործարար միջավայրի բարելավման հեռանկարային գաղափարներին։ Չէ՞ որ դա օգտակար կլինի մեզ բոլորիս համար»,- ավելացրել է ՌԴ վարչապետը։