Եվրասիական տնտեսական միության շրջանակում ոչ մի երկիր առաջավոր տեխնոլոգիաների զարգացման համար շուկայի բավարար ծավալ չունի, հարկավոր է կոոպերացիա՝ տեխնոլոգիական անկախության հասնելու համար, ասել է Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Նա, ուրբաթ օրը ելույթ ունենալով Digital Almaty-2023. «Թվային գործընկերությունը նոր իրականությունում» միջազգային համաժողովում, նշել է, որ Ռուսաստանը ԵԱՏՄ-ում նախագահության շրջանակում միության բոլոր մասնակիցներին կոչ է անում աշխատել տեխնոլոգիական անկախության հասնելու ուղղությամբ։

«Անշուշտ, գոյություն ունեցող արտադրանքը հարմար է։ Տարիների ընթացքում մենք արդեն վարժվել ենք դրան, բայց մի հիանալի պահի դրանց հասանելիությունը կարող է փակվել։ Ինչը, սեփական լուծումների եւ ցանկացած այլընտրանքի բացակայության դեպքում, կհանգեցնի քրոնիկական հետամնացության մնացյալ աշխարհից։ Կարո՞ղ ենք արդյոք մեզ նման բան թույլ տալ։ Իհարկե՝ ոչ։ Միության պետությունների բոլոր կառավարությունները պետք է ջանքերն ուղղեն տեխնոլոգիական անկախության հասնելուն»,- ասել է Ռուսաստանի վարչապետը։

Նա ընդգծել է, որ դա կրիտիկականորեն նշանակալի ենթակառուցվածքի անվտանգության, տնտեսությունների զարգացման եւ մարդկանց կյանքի որակի բարելավման հարց է։

«Միեւնույն ժամանակ, պետք է իրատես լինել։ Նախ՝ մեր երկրներից ոչ մեկը սպառողական շուկայի բավարար ծավալ չունի, որպեսզի կարողանա աջակցել առաջավոր տեխնոլոգիաների ստեղծմանն ու զարգացմանը։ Բայց կոոպերացիայի հիման վրա մենք կարող ենք հասնել դրան»,- շարունակել է Միշուստինը։

«Երկրորդ՝ ոչ մի պետություն կամ միավորում չի կարող հավակնել լիակատար տեխնոլոգիական անկախության։ Սեփական արտադրանքի եւ սեփական արտադրությունների բացակայությունը տնտեսության կարեւոր ոլորտներում մեզ անթույլատրելիորեն խոցելի է դարձնում։ Ուստի, մենք պետք է սահմանենք ինքնաբավության փոխընդունելի հավասարակշռությունը, որին պետք է ձգտենք բոլորս։ Հավասարակշռություն։ Ռուսաստանը բաց է առաջին հերթին ԵԱՏՄ-ի գծով գործընկերների եւ բարեկամական այլ պետությունների հետ նման համագործակցության համար։ Մենք առաջարկելու բան ունենք»,- ավելացրել է նա։