ԵԱՏՄ-ի ներսում տնտեսական կապերի ամրապնդումը զսպում են նրա տարածքում «թվայնացման» շուրջ բանավեճերը, ասել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը։

«Տրանսազգային կորպորացիաներն անխոչընդոտ տեղեկություններ են հավաքում քաղաքացիների եւ ընկերությունների մասին... դրանց հիման վրա ձեւավորում օգտատիրական պրոֆիլներ։ Իսկ մեզ մոտ՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովում, մինչեւ այժմ բանավիճում են այն պատճառով, որ կոմերցիոն անվավոր տրանսպորտային միջոցի վին-համարը ընդհանուր միութենական տվյալներում մտցնելը կարող է սպառնալիք ստեղծել «հնգյակի» պետությունների ազգային ինքնիշխանության համար։ Սա հիմարություն է։ Մենք երկար տարիներ փորձում ենք համաձայնության գալ թվային ստորագրության կամ իրավաբանական անձանց ընդհանուր ռեեստրի գործարկման հարցում»,- ասել է Միշուստինը Digital Almaty-2023. «Թվային գործընկերությունը նոր իրականությունում» ամենամյա միջազգային համաժողովի լիագումար նիստում։

Նրա խոսքով՝ ԵԱՏՄ-ի երկրներում էլեկտրոնային առեւտրի ակտիվ զարգացումը հանգեցրել է հակասությունների հարկային կարգավորման ոլորտում, որոնց լուծման համար մոտ երկու տարի է ծախսվել։

«Այս ամենը նկատելիորեն զսպում է տնտեսական կապերի ամրապնդումը ԵԱՏՄ-ի ներսում։ Անգամ օգտակար բջջային «Ճամփորդում եմ առանց COVID-19-ի» բջջային հավելվածը միանգամից չէ, որ աջակցության արժանացավ։ Դրա ներդրումն ուղեկցվեց առանձին գործընկերների հետ լուրջ բանավեճերով»,- ավելացրել է Միշուստինը։

Նա նշել է, որ միության երկրների համատեղ աշխատանքի կարեւոր ռազմավարական գերակայություններից մեկը պետք է դառնա միության մասնակիցների տեխնոլոգիական պոտենցիալի զարգացումը, իսկական անկախության եւ ինքնաբավության ձեռքբերումն այդ ոլորտում։

ՌԴ վարչապետի խոսքով՝ ԵԱՏՄ-ի երկրները պետք է միավորեն ջանքերը տնտեսության առաջատար հատվածներում առաջավոր գիտատեխնիկական ձեռքբերումների ներդրման ուղղությամբ։