Չինական կասկածելի օդային «լրտես-աերոստատը» արդեն մի քանի օր թռչում է Միացյալ Նահանգների երկնքում։ ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաները ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին խորհուրդ են տվել չխփել այն՝ զգուշանալով, որ բեկորները կարող են սպառնալ մարդկանց եւ օբյեկտների անվտանգությանը, տեղեկացրել է «Голос Америки»-ն։

«Միացյալ Նահանգների կառավարությունը հայտնաբերել եւ հետեւում է հետախույզ աերոստատին, որը հենց հիմա գտնվում է  Միացյալ Նահանգների մայրցամաքային հատվածի երկնքում»,- լրագրողներին ասել է Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ, բրիգադի գեներալ Փատրիկ Ռայդերը։

«Ներկայում աերոստատը թռչում է կոմերցիոն թռիչքների շեմը գերազանցող բարձրության վրա եւ ռազմական կամ ֆիզիկական սպառնալիք չի ներկայացնում մարդկանց համար երկրի վրա»,- ավելացրել է նա։

ԱՄՆ սենատոր Մարկո Ռուբիոն՝ գլխավոր հանրապետականը Սենատի հետախուզության կոմիտեում, հայտարարել է, որ օդային լրտեսը տագնապեցնում է, բայց չի զարմացնում։

«Լրտեսության մակարդակը՝ ուղղված մեր երկրի դեմ Պեկինի կողմից, վերջին 5 տարում կտրուկ բարձրացել է, դարձել ավելի ինտենսիվ եւ անպատկառ»,- գրել է Ռուբիոն Թվիթերում։

Այս նորությունը հայտնվել է այն ժամանակ, երբ ԿՀՎ-ի տնօրեն Ուիլյամ Բերնսը ելույթ էր ունենում Վաշինգտոնի Ջորջթաունի համալսարանում եւ Չինաստանն անվանել էր «ամենամեծ աշխարհաքաղաքական խնդիրը», որին ներկայում բախվում է Միացյալ Նահանգները։