Մենք մեծ նշանակություն ենք տալիս պարենային անվտանգության լոկալ եւ միութենական համակարգերի զարգացմանը։ Այս մասին ԵՏՄ միջկառավարական խորհրդի նիստում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ ԵՏՄ անդամ պետությունների հավաքական պարենային անվտանգության համակարգի ստեղծման ուղղությամբ համագործակցության ակտիվացումը հեռանկարում թույլ կտա բարձրացնել առկա ռեսուրսների օգտագործման արդյունավետությունը, զսպել ինֆլյացիան, ապահովել պարենի հասանելիությունը եւ ակտիվացնել փոխադարձ առեւտուրը: 

Միության ինտեգրված տեղեկատվական համակարգի լիաֆորմատ աշխատանքի նպատակով Հայաստանի վարչապետը մատնանշել է գործողության համաժամացման անհրաժեշտությունը, ինչը թույլ կտա ձեւավորել հուսալի թվային շրջանակ՝ ապրանքների, ծառայությունների, կապիտալի եւ աշխատուժի ազատ տեղաշարժի ապահովման համար:

Թվային տնտեսության զարգացումը եւ թվային տեխնոլոգիաների ներդրումը նա անվանել է օբյեկտիվ անհրաժեշտություն միասնական թվային տարածքի ձեւավորման համար։

«Այս համատեքստում կնշեմ տեղեկատվության միջպետական փոխանակման համակարգի գործիքների արդիականությունն ու պահանջվածությունը, ինտեգրացիոն էֆեկտով թվային նախագծերի ստեղծումն ու զարգացումը։ Չնայած ձեռք բերված արդյունքներին՝ անհրաժեշտ է շարունակաբար ընդլայնել թվային օրակարգի առաջնահերթությունները»,-նշել է Փաշինյանը։