Ղազախստանի վարչապետ Ալիխան Սմայիլովը Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում, ամփոփելով անցած տարվա արդյունքները, նշել է ԵԱՏՄ-ի տնտեսական ցուցանիշների դրական դինամիկան, տեղեկացրել է «Կազինֆորմը»։

Վարչապետը նշել է, որ 2022թ. ԵԱՏՄ-ի արդյունաբերական արտադրության ծավալը կազմել է 1,5 տրլն դոլար, այդ թվում Ղազախստանում ավելի քան 100 մլրդ դոլար՝ 1,1 տոկոս աճով։ Ավելանում է գյուղտնտարտադրանքը ԵԱՏՄ-ում։ 2022թ. արտադրության ծավալն ավելացել է ավելի քան 5 տոկոսով։ Ընդ որում՝ ամենամեծ աճ նկատվել է Ղազախստանում՝ ավելի քան 9 տոկոս։

«Միեւնույն ժամանակ,  այս ցուցանիշները չեն համապատասխանում Եվրասիական տնտեսական միության իրական պոտենցիալին։ Կարծում եմ, որ եվրասիական ինտեգրման հնարավորությունները լիովին չեն օգտագործվում։ Մենք պետք է առավելագույն չափով կենտրոնանանք միջոցառումների գործնական իրականացման, մինչեւ 2025թ. ԵԱՏՄ-ի զարգացման ռազմավարության եւ ԵԱՏՄ-ի մասին պայմանագրի վրա։ Առաջին հերթին դա փոխադարձ առեւտրում պատնեշները վերացնելն է»,- ասել է Ղազախստանի վարչապետը։

Ալիխան Սմայիլովն ավելացրել է, որ չնայած առկա դրական դինամիկային՝ դեռեւս պահպանվում են մաքսային վերահսկողության տարրերը ներքին սահմաններում, չկա պետգնումների ազգային ռեժիմ, լայնորեն կիրառվում են սանիտարական, անասնաբուժական սահմանափակումներ եւ այլն։

«Այս ամենը թույլ չի տալիս մեր երկրների բիզնեսին լիովին իրականացնել ԵԱՏՄ-ի ընձեռած առավելությունները»,- նշել է Ալիխան Սմայիլովը։

Նրա խոսքով՝ պետք է գերակա լինի նաեւ անպատնեշ առեւտրային հոսքերի ձեւավորումը Եվրասիական տնտեսական միության տարածքում։