Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա վերջերս տեղի ունեցած ահաբեկչությունը, որի հետեւանքով սպանվեցին դեսպանատան աշխատակիցները, երկու երկրներին մոտեցրեց պատերազմին: Նման իրադարձությունը կվնասի Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքին եւ կփակի Կասպից ծովով ուղիները՝ ադրբեջանական Բաքու նավահանգստից մինչեւ Իրանի կասպյան նավահանգիստներ, որոնք ապահովում են ապրանքների մուտքը Եվրոպայից դեպի Պարսից ծոց եւ Հարավային Ասիա: Դա կսահմանափակի Ասիայի հետ ԵՄ առեւտուրը միայն Սուեզի ջրանցքով եւ, հնարավոր է, կսահմանափակի հասանելիությունը դեպի Միջին միջանցք Ղազախստանով: Այս մասին հոդվածում գրում է Քրիս Դեւոնշիր-Էլիսը։

Ներկայացնում ենք հոդվածի տեքստը․

Երկու երկրների միջեւ լարվածությունը կուտակվում է՝ տարբեր բաղադրիչներ ունենալով։ Դրանիցից մեկը կապված է Իրանի հյուսիս արեւմուտքում բնակվող ադրբեջանական փոքրամասնության հետ, որի բնակչությունը մոտ 25-35 միլիոն է։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը 2022 թվականի դեկտեմբերին ասել էր, որ Իրանում բնակվող ադրբեջանցիները «մեր ազգի մի մասն են»։

Մեկ այլ կարեւոր խնդիր է Ադրբեջանի արտաքին քաղաքական կապերը։ Բաքուն սերտորեն համագործակցում է Իրանի գլխավոր թշնամու՝ Իսրայելի հետ։ 2022 թվականի ընդամենը 10 ամիսների ընթացքում Ադրբեջանի եւ Իսրայելի միջեւ առևտուրը կազմել է 1,2 միլիարդ ԱՄՆ դոլար՝ մասնակիորեն «Աբրահամի համաձայնագրերի» շնորհիվ։

Բաքուն Իսրայելին մատակարարում է նավթ եւ նավթամթերք, ինչպես նաեւ գնում է բարձր տեխնոլոգիական զենք՝ երկակի նշանակության էլեկտրոնիկա, հարվածային եւ հետախուզական անօդաչու սարքեր, նավիգացիոն եւ օպտիկական համակարգեր։ Բոլորովին վերջերս այդ հարաբերությունները ֆորմալացվել են, բացվել են առեւտրային ներկայացուցչության գրասենյակներ։ Ադրբեջանի կառավարությունը նույնպես հայտարարել է Թել Ավիվում դեսպանության բացման մասին։

Իրանում Իսրայելի գործունեությանը թշնամաբար են վերաբերում։ Ադրբեջանը ցամաքային սահման ունի Իրանի եւ Կասպից ծովի հետ, որն Իրանը համարում է պոտենցիալ միջանցք իսրայելական ուժերի համար։ Ըստ Իրանի այն կարելի է օգտագործել որպես պլացդարմ Իրանի վրա հարձակվելու համար:

Տեսականորեն Իսրայելը կարող է Ադրբեջանի տարածքն օգտագործել որպես դիվերսիոն խմբերի բազա։ Իրանի թուլացումը թույլ կտա Ադրբեջանին հավակնել երկու իրանական նահանգներին՝ Արեւմտյան եւ Արեւելյան Ադրբեջանին եւ, հնարավոր է, Արդեբիլին:

Մեկ այլ վիճահարույց հարց է Զանգեզուրի միջանցքի նախագիծը: Ադրբեջանը ցանկանում է ուղիղ ճանապարհ կառուցել դեպի Նախիջեւանի էքսկլավ եւ այն երկարացնել մինչեւ Թուրքիա։ Երթուղին անցնելու է Հայաստանի Սյունիքի մարզով։ Այս նախագծի իրականացումը կարող է կտրել Իրանը Հայաստանից եւ, հետեւաբար, խոչընդոտել Թեհրանի առեւտրին ԵԱՏՄ երկրների հետ։

Բացի այդ, միջանցքի կառուցումը կհանգեցնի տարածաշրջանում Թուրքիայի հետագա հզորացմանը։ Իրանը ԵԱՏՄ-ի հետ ունի ազատ առեւտրի շահութաբեր համաձայնագիր, եւ այս նախագիծը կարող է խոչընդոտել առեւտրի ծավալների աճին։

Իրանի անհանգստությունն ավելացել է այն բանից հետ, երբ 2022 թվականի սեպտեմբերին Հայաստանի եւ Ադրնեջանի սահմանին (Ղարաբաղի սահմաններից դուրս) մեծածավալ բախումներ տեղի ունեցան։ Բաքուն ցույց տվեց, որ պատրաստ է այս հարցը ուժով լուժել։ Թեհրանն այդ ժամանակ հայտարարեց, որ չի հանդուրժի սահմանի փոփոխությւն։ Սյունիքի մարզի Կապան քաղաքում Իրանի հյուպատոսության բացումը դարձավ Հայաստանի աջակցության տեսանելի վկայություն։

Ի պատասխան Հայաստանի ԱԳՆ-ն խոստացավ իր հյուպատոսությունը բացել Թավրիզ քաղաքում, որը համարվում է Իրանի ադրբեջանցիների մայրաքաղաքը։

Անցյալ տարվա հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին Բաքուն եւ Թեհրանը զորավարժություններ անցկացրեցին սահմանամերձ շրջաններում եւ կոշտ հայտարարություններ փոխանակեցին։ Իրանի պատգամավոր Մոհամմադ Սաֆային բացատրել էր, որ այս գործողությունները ուղերձ էին բոլոր անբարյացակամներին: Նրա խոսքով՝ Իսլամական Հանրապետության դեմ ցանկացած գործողություն «թանկ կարժենա թշնամիներին»։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել էր, որ Բաքվին ստիպել են զորավարժություններ սկսել՝ «ցույց տալու համար, որ մենք չենք վախենում»։ «Մենք անելու ենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի պաշտպանենք մեր ապրելակերպը, Ադրբեջանի ու ադրբեջանցիների, այդ թվում՝ Իրանում բնակվող ադրբեջանցիների զարգացման աշխարհիկ վեկտորը»,- ասել է նա։

Ի՞նչ տեղի կունենա հետո

Տարբեր տարածաշրջանային փորձագետներ տարբեր կերպ են գնահատում իրանա-ադրբեջանական հարաբերությունների հեռանկարները։ «Известия» թերթի հարցազրույցում ԱՊՀ երկրների ինստիտուտի Կովկասի բաժնի վարիչ Վլադիմիր Նովիկովը նշել է, որ Բաքուն ավելի ակտիվ է դառնում։ «Այժմ Ադրբեջանը գործում է ակտիվ, անգամ ագրեսիվ։ Երկիրն օօգվում է Թուրքիայի աջակցությունից եւ ավելի ակտիվ է պաշտպանում իր իրավունքներն ու նկրտումները»,- ասել է նա։ Նրա խոսքով՝ Թեհրանն անհանգստանում է նաեւ սեփական ադրբեջանցիների ճակատագրով. որքան ավելի ուժեղ է Ադրբեջանը, որքան ավելի սերտ են նրա կապերը Թուրքիայի հետ, այնքան բարձր է անջատողականության սպառնալիքն Իրանի ներսում։ Նովիկովի կարծիքով՝ երկու երկրների հարաբերությունները կշարունակեն վատանալ. «Գուցե Բաքվի եւ Թեհրանի բոլոր շփումները դադարեցվեն։ Ես չեմ բացառում ռազմական թեժացումը։ Որպես տարբերակ՝ բախում իրանա-ադրբեջանական սահմանին Նախիջեւանի շրջանում»։  Մերձավոր եւ Միջին Արեւելքի երկրների հետազոտական կենտրոնի գիտաշխատող Վլադիմիր Սաժինի կարծիքով՝ Իրանը թուլացել է բողոքների հզոր ալիքից։ «Հավանաբար, Բաքուն եւ Անկարան կարծում են, որ Թեհրանն ի վիճակի չէ թելադրել իր կամքը Հարավային Կովկասում։ Ես չեմ կարծում, թե բանը կհասնի ուղիղ ռազմական բախման։ Բայց գաղափարախոսական եւ քարոզչական պատերազմներն ավելի սուր ձեւեր կստանան»։ Արեւելագիտության ինստիտուտի փոխտնօրեն Ալեքսանդր Սկակովի կարծիքով՝ երկկողմ հարաբերությունների հեռանկարները կախված են տարածաշրջանում եւ աշխարհում ընդհանուր իրավիճակից։ «Մենք տեսնում ենք, որ Իրանի գլխին ամպեր են կուտակվում։ Կան վկայություններ այն մասին, որ բողոքները երկրում հրահրվել են դրսից. հունվարի վերջին Իրանին անօդաչուների հարվածներ են հասցվել։ Թեհրանը կասկածում է, որ դրան մասնակցել է Իսրայելը՝ Ադրբեջանի տարածքից։ Չի կարելի բացառել իրավիճակի հետագա սրումը։ Եթե դա տեղի ունենա, ապա Ադրբեջանը կարող է միանալ լայն միջազգային հակաիրանական կոալիցիային։ Ես Բաքվի եւ Թեհրանի դեմ առ դեմ բախում չեմ կանխատեսում։ Բայց երկու երկրներն ինքնապահպանման ուժեղ բնազդ ունեն»։ Միացյալ Նահանգները շահագրգռված է, որպեսզի Իրանը տանուլ տա Ադրբեջանի հետ հակամարտությունում, եւ կաջակցի վարչակարգի փոփոխությանը։ Եթե արդյունքում Իրանը տարածք կորցնի, հազիվ թե Միացյալ Նահանգները մեծ ցավ ապրի։ Կարճաժամկետ հեռանկարում տեղի կունենա Արեւելքում եվրոպական առեւտրի զգալի խախտում, ինչը կհանգեցնի գների աճի բոլոր շուկաներում։ Երկարաժամկետ հեռանկարում, եթե Թեհրանում իշխանափոխություն տեղի ունենա, ապա միջանցքը կհայտնվի Արեւմուտքի ավելի մեծ ազդեցության տակ՝ օպտիմալ արդյունք ԵՄ-ի եւ ԱՄՆ-ի համար։ Թե ինչպես դա կազդի ռուսական առեւտրի վրա՝ կախված կլինի Իրանի ապագա կառավարության կազմից, պատժամիջոցների հարցում նրա դիրքորոշումից եւ Ռուսաստանի հետ հարաբերությունները զարգացնելու ցանկությունից։