Հնագույն Լագաշ քաղաքի վայրում հնագետները գրեթե հինգ հազար տարվա վաղեմության պանդոկ են հայտնաբերել: Այնտեղ նրանք հայտնաբերել են հին շումերների սննդի մնացորդներ՝ ձկան ուտեստներ, սննդամթերք պահելու անոթներ եւ այլ արտեֆակտներ, գրում է CNN լրատվականը։

Պանդոկը բաղկացած է եղել բացօթյա ճաշասենյակից եւ նստարաններով սենյակից, վառարանից եւ հնագույն սառնարանային զիրոմից։ Սա երկու կավե ամանների համակարգ է, որոնց միջեւ ավազի շերտ կա:

Լագաշը հարավային Միջագետքի ամենահին եւ ամենամեծ քաղաքներից մեկն է եղել՝ մոտ հինգ քառակուսի կիլոմետր տարածքով։ Ենթադրվում է, որ քաղաքը հիմնադրվել է մոտ 4,9 հազար տարի առաջ։ Հայտնաբերված պանդոկը հաստատում է գիտնականների այն վարկածը, որ այդ օրերին հասարակությունը բաժանված էր ոչ միայն վերնախավի եւ ստրկացվածների, այլ բաղկացած էր նաեւ ժամանակակից միջին խավից: