Ամերիկացի հետազոտողները խորը ուսումնասիրություն են անցկացրել տարբեր քաղաքական հայացքներ ունեցող մարդկանց՝ տեղեկատվության նկատմամբ ուղեղի արձագանքի վերաբերյալ։

Մարդիկ ենթագիտակցորեն կամ միանգամայն գիտակցաբար նորությունների, քաղաքական եւ տնտեսական վերլուծությունների հսկայական հոսքից ընտրում են այն նյութերն ու այն հեղինակները, որոնք մոտ են իրենց հայացքներին։ Այս ընտրողականությունը ցույց են տվել մի շարք նախկին ուսումնասիրություններ, հայտնում է Planet Today-ը։

Սակայն ամերիկյան Բրաունի համալսարանի գիտնականներն առաջ են քաշել այն միտքը, որ կարծիքների բեւեռացումը ավելի խորը երեւույթ է։ Նրանք իրենց արդյունքները ներկայացրել են Science Advances ամսագրում:

MRI-ի միջոցով ուղեղի արձագանքի վերահսկման փորձին մասնակցել են տասնյակ կամավորներ:

Փորձի մասնակիցները կարդացել են բառեր, ապա գնահատել, արդյո՞ք դրանք, իրենց կարծիքով, քաղաքական ենթատեքստ ունեն, թե ոչ։ Հետո նույն տերմինները հնչել են հեռուստատեսային լուրերում։ Հաղորդավարը դրանք կարդացել է չեզոք, առանց դատելու՝ ներկայացնելով որպես փաստ։ Եղել են ներգաղթյալների, զենքերի, վառելիքի գների եւ այլնի մասին լուրեր։

Երկու փուլերում էլ MRI-ով մոնիտորինգ է իրականացվել՝ ստուգելով  ուղեղի արձագանքը բառին, հաղորդագրությանը, որոշակի նյարդային ակտիվությամբ։ Գիտնականները պարզել են, որ այս «նյարդային մատնահետքերը» անհատական ​​են յուրաքանչյուր մարդու համար, ինչպես մատնահետքերը։

Այնուամենայնիվ, ուղեղի արձագանքը նույն քաղաքական հայացքները ունեցող մարդկանց մոտ նման է եղել: Սակայն հակառակորդների «նյարդային ձայնագրությունները» զգալիորեն տարբերվում են։