Հայաստանը պետք է պաշտոնապես ճանաչի Լեռնային Ղարաբաղը։ Փետրվարի 3-ին Ազգային ժողովում  Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակելու թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ, որոնք գումարվել են խորհրդարանական ընդդիմության նախաձեռնությամբ այս մասին ասաց նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։

Նրա խոսքով՝ Ադրբեջանի հետ հարաբերություններն այսպես թե այնպես չեն բարելավվի։

Բագրատյանը ներկայացրեց չորս քայլ, որոնք պետք է կատարի պաշտոնական Երեւանը։ Դա, ըստ նախկին վարչապետի, թույլ կտա դուրս գալ ներկայիս ճգնաժամից։

«Նախեւառաջ, հարկավոր է արտաքին քաղաքական կողմնորոշիչների մասին հստակ դիրքորոշումով հանդես գալ։ Պետք է վերջ տալ Ռուսաստանից Արեւմուտք վազելն ու հակառակը։ Հնարավոր է՝ պետք է քննարկել 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունից Հայաստանի դուրս գալու հնարավորությունը», - ասաց Բագրատյանը։

Նա համոզված է՝ բոլոր այն դրույթները, որոնք այս կամ այն չափով ձեռնտու են Հայաստանին, ժամանակավոր են եւ դե ֆակտո կորցնում են իրենց ուժը 5 տարի անց։ Բաքվի համար շահավետ դրույթները՝ մշտական ​​են.

Բացի այդ, նա անհրաժեշտ է համարում, որպեսզի Հայաստանը հնարավորինս շուտ ճանաչի Լեռնային Ղարաբաղը։

«Դրանից Ադրբեջանի հետ հարաբերություններն ավելի չեն վատթարանա։ Չէ որ Բաքուն առանց այդ էլ  ծրագրում է հերթական ագրեսիան Հայաստանի դեմ։ Մեզ իշխանափոխություն է պետք։ Պետք է գան մարդիկ, որոնք ի վիճակի են ճիշտ գնահատել ստեղծված իրավիճակը եւ արդյունավետ միջոցներ ձեռնարկել»,- ասաց Բագրատյանը՝ թվարկված քայլերից ամենակարեւորը համարելով իշխանափոխությունը։