Ադրբեջանը, Վրաստանը, Հունգարիան եւ Ռումինիան աշխատանքային խումբ են ստեղծել՝ Ադրբեջանից Կենտրոնական Եվրոպա էլեկտրաէներգիա մատակարարելու նախագծի իրականացման համար։ Այս մասին ուրբաթ օրը Բաքվում չորս երկրների ներկայացուցիչների հանդիպումից հետո հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի եւ արտաքին տնտեսական կապերի նախարար Պետեր Սիյարտոն, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։

«Ադրբեջանից Վրաստանի եւ Ռումինիայի տարածքով դեպի Հունգարիա մաքուր էլեկտրաէներգիա տեղափոխելու լայնածավալ նախագիծը կնպաստի երկու կարեւոր նպատակների իրականացմանը։ Ներդրումները կօգնեն ամրապնդել մեր էներգետիկ անվտանգությունն ու պաշտպանել մոլորակի կլիման: Այս համատեղ ներդրումը եզակի է, քանի որ մենք Սեւ ծովի տակ կանցկացնենք աշխարհի ամենաերկար ստորջրյա էլեկտրական մալուխը՝ 1195 կիլոմետր երկարությամբ: Այսօր Ադրբեջանը, Վրաստանը, Ռումինիան եւ Հունգարիան աշխատանքային խումբ են ստեղծել եւ խնդիր են դրել պատրաստել տեխնիկատնտեսական հիմնավորում այս նախագծի համար», - իր ֆեյսբուքյան էջում գրել է Սիյարտոն։

Դեկտեմբերին Բուխարեստում չորս երկրների ղեկավարները համաձայնագիր էին ստորագրել Ադրբեջանից Վրաստանի տարածքով եւ հետագայում սուզանավային մալուխով Ռումինիա, իսկ այնտեղից Հունգարիա էլեկտրաէներգիա մատակարարելու մասին։ Դրանից անմիջապես հետո Սիյարտոն հայտարարել էր, որ ծրագրի տեխնիկատնտեսական հիմնավորումը դեռեւս ապրիլին պատվիրվել է իտալական ընկերության կողմից՝ 2,5 միլիոն եվրո արժեքով, կհոգա Համաշխարհային բանկը: Փաստաթուղթը պատրաստ կլինի 2023 թվականի վերջին։

Սիյարտոն նշել է, որ Եվրահանձնաժողովը այս նախագիծը կարեւորում է ամբողջ Եվրոպայի համար եւ դրա համար հատկացրել է 2,3 միլիարդ եվրո, որում ներդրումները նախատեսված են մինչեւ չորս տարի ժամկետով։ Նախատեսվում է, որ Ադրբեջանից Վրաստանի եւ Ռումինիայի տարածքով եկող էկոլոգիապես մաքուր էլեկտրաէներգիայի մի մասը կօգտագործվի Հունգարիայում, իսկ մի մասն այնտեղից կուղղվի այլ երկրներ։ Էլեկտրահաղորդման գծի երկայնքով նախատեսվում է անցկացնել օպտիկամանրաթելային մալուխ։