Մոլդովայի հակակոռուպցիոն դատախազությունը հայտնել է նախկին նախագահ Իգոր Դոդոնի դեմ նոր քրեական գործի մասին՝ բժշկական տեղեկանքի ենթադրյալ կեղծման պատճառով, հայտնում է Sputnik.Moldova-ն։ Գերատեսչությունում նշել են, որ բացի քաղաքական գործիչից, գործով ներգրավված է նաեւ նրա կինը՝ Գալինան։

«Դատախազները կարգադրել են որպես կասկածյալներ ճանաչել եւ հարցաքննել Մոլդովայի նախկին նախագահին, նրա կնոջը եւ բժշկական կեղծ փաստաթուղթ տրամադրած բժշկին։ Բժիշկը կասկածվում է կեղծ պաշտոնական փաստաթղթեր պատրաստելու եւ պահելու հարցում։ Նախկին նախագահը եւ նրա կինը կասկածվում են կեղծ պաշտոնական փաստաթուղթ ունենալու եւ կիրառելու համար»,- պարզաբանել է Մոլդովայի հակակոռուպցիոն դատախազությունը։

Ինչպես նշվում է գերատեսչությունում, փաստաթուղթը, որը պարունակել է քաղաքական գործչի որդու վերականգնողական բուժման ուղեգիրը, Դոդոնն օգտագործել է Մոլդովան լքելու թույլտվություն ստանալու համար։ Հանրապետության դատախազությունն ընդգծել է, որ նրա կինը նույնպես մասնակցել է երկրի իրավապահ մարմիններին կեղծ տեղեկանք ներկայացնելու գործընթացին։

2022 թվականի մայիսի վերջին Դոդոնն իրավապահների կողմից ձերբակալվել է՝ պասիվ կոռուպցիայի, ապօրինի հարստացման, դավաճանության եւ հանցավոր խմբի կողմից քաղաքական կուսակցության ֆինանսավորման կասկածով։ Սկզբում քաղաքական գործչի նկատմամլ որպես խափանման միջոց ընտրվել է տնային կալանքը, սակայն ավելի ուշ այս որոշումը փոխվել է երկրից դուրս գալու արգելքով։