Պատերազմը չի ավարտվել, պատերազմն ընթանում է համեմատաբար տաք, բայց սառեցված վիճակում, իսկ երբ պատերազմն ավարտված չէ, սահմանները տատանվում են։ Այս մասին այսօր՝ փետրվարի 3-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Միացյալ Հայաստան» կուսակցության անդամ Վարդան Խաչատրյանը։

«Մենք պետք է պատրաստ լինենք շարունակել պայքարը, եւ հաջողել այնտեղ՝ որտեղ վճռվում է ապագա աշխարհի ինքնությունն ու բախտը։ Այս առումով մենք պետք է հասկանանք՝ եկել է շրջադարձային մի պահ, որտեղ աշխարհի տեկտոնիկ փոփոխությունները պետք է կարողանանք օգտագործել այնքանով՝ որքանով ի վիճակի ենք, իսկ մենք ամենաշատը պետք է ի վիճակի լինենք, մեր հարակից երկրներից ոչ մեկը չունի սփյուռք, եւ ոչ մեկն այդքան մոնոէթնիկ չէ, որքան մենք»,- ասաց Վարդան Խաչատրյանն՝ ընդգծելով, որ Հայաստանը պետք է իմանա իր հավակնությունները, առավելություններն ու թերությունները։