ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հետաձգել է հանգստյան օրերին նախատեսված դիվանագիտական այցը Չինաստան, քանի որ Ջո Բայդենի վարչակազմը կշռադատում է ավելի լայն պատասխանը չինական աերոստատի հայտնաբերմանը, որը թռել է ԱՄՆ արեւմուտքում «զգայուն» օբյեկտների վրայով, հաղորդում Է CBS News-ը՝ վկայակոչելով դիվանագիտական աղբյուրները:

Այս որոշումը կայացվել է՝ չնայած Չինաստանի այն պնդմանը, որ աերոստատը եղանակի հետազոտման արբանյակ է, որը շեղվել է ընթացքից: ԱՄՆ-ն այն նկարագրել է որպես հետախուզական արբանյակ։  

Ուղեւորությունը չեղյալ է հայտարարվել Վաշինգտոնից Պեկին Բլինքենի թռիչքից ընդամենը մի քանի ժամ առաջ եւ ուժեղացրել է լարվածությունը ամերիկա-չինական հարաբերություններում:

Հեռուստաալիքի աղբյուրի խոսքով՝ ուրբաթ առավոտյան աերոստատն արդեն Մոնտանայի երկնքում չէր, այն տեղափոխվել էր միջին արեւմուտք։ Ընդ որում, հատկանշական է, որ նրա վառելիքը չի սպառվի, քանի որ այն աշխատում է արեւային մարտկոցներով, նշում է հեռուստաալիքը։

Պենտագոնը դեռ քննարկում է այն «ոչնչացնելու» ուղիները, սակայն «լուրջ մտահոգություններ» ունի այն վնասի հետ կապված, որը կարող է առաջանալ գետնին ընկնելու դեպքում: ԱՄՆ կառավարությունում աերոստատի հայտնվելը գնահատում են որպես ԱՄՆ օդային տարածքի խախտում։

Աերոստատի հայտնաբերման մասին ավելի վաղ հայտարարել էին Պենտագոնի ներկայացուցիչները, որոնք հայտարարել էին, որ այն վայրերից մեկը, որտեղ այն նկատվել է, գտնվել է Մոնտանա նահանգում՝ Մալմսթրեմի ռազմաօդային բազայում գտնվող միջուկային հրթիռների ամերիկյան երեք պահեստարաններից մեկի մոտ:  

Բլինքենի այցը Չինաստան պետք է սկսվեր կիրակի եւ տեւեր մինչեւ երկուշաբթի։ Ինչպես ավելի վաղ նշել էին ամերիկյան ԶԼՄ-ները, ԱՄՆ պետքարտուղարի՝ Պեկին կատարելիք այցի շրջանակներում պետք է տեղի ունենար նաեւ Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ հանդիպում։