Ճապոնիայի վարչապետի ավագ օգնականին աշխատանքից ազատել են ԼԳԲՏ համայնքի մասին արտահայտության պատճառով, հաղորդում է AP-ը։

Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիշիդան շաբաթ օրը լրագրողներին հայտնել է, որ իր օգնական Մասաեսի Արային հեռացվել է աշխատանքից այն հայտարարությունից հետո, որ իրեն դուր չի գալիս տեսնել ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչներին: Ընդ որում, ուրբաթ Արային ներողություն է խնդրել իր արտահայտության համար։ 

Կիշիդան հայտարարել է, որ այդ դիտողությունները հակասում են բազմազանությունը խրախուսելու վարչակազմի դիրքորոշմանը:

Ճապոնիան «Մեծ յոթնյակի» միակ երկիրն է, որը չի ճանաչում միասեռականների ամուսնությունները, սակայն ճապոնացի բարձրաստիճան պաշտոնյաները տարիներ շարունակ հրաժարական են տվել տարբեր թեմաների շուրջ իրենց արտահայտությունների պատճառով:

2021 թվականին Յոշիրո Մորին հրաժարական է տվել Տոկիոյի օլիմպիական կոմիտեի ղեկավարի պաշտոնից՝ ասելով, որ կանայք չափազանց շատ են խոսում, իսկ կիբեռանվտանգության համար պատասխանատու նախարարը հրաժարական է տվել 2019-ին այն խոստովանությունից հետո, որ գրեթե երբեք չի օգտագործել համակարգիչ։