ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Չինաստանի արտաքին գործերի Կենտրոնական վարչության տնօրեն Վան Իին հայտնել է, որ ներկա պահին նա չի մեկնի Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն՝ ԱՄՆ օդային տարածքում չինական աերոստատի հայտնաբերման պատճառով։ Այս մասին հայտնում է ԱՄՆ Պետդեպարտամենտը:

Պետքարտուղարը հայտնել է, որ նախատեսում է այցելել Պեկին՝ նոյեմբերին Բալիում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի եւ ՉԺՀ  նախագահ Սի Ծինփինի կողմից համաձայնեցված օրակարգը կատարելու համար: Պետքարտուղարն ի գիտություն է ընդունել ՉԺՀ-ի հայտարարությունը ափսոսանքի մասին, սակայն փոխանցել է, որ դա անպատասխանատու գործողություն է եւ ակնհայտ խախտում է ամերիկյան ինքնիշխանությունն ու միջազգային իրավունքը, որոնք խաթարել են ուղեւորության նպատակը, նշվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի հաղորդագրության մեջ:

Չինաստանի ԱԳՆ-ն արձագանքել է ԱՄՆ պետքարտուղարի այցի չեղարկմանը՝ ընդգծելով, որ «ԱՄՆ-ում որոշ քաղաքական գործիչներ եւ լրատվամիջոցներ ուռճացրել են այդ գործը՝ Չինաստանի վրա հարձակվելու եւ Չինաստանը սեւացնելու համար»։

«Ինչ վերաբերում է ֆորս-մաժորային հանգամանքների պատճառով չինական աերոստատի՝ ԱՄՆ օդային տարածք չնախատեսված մուտքին, չինական կողմը հաստատել է դա եւ տեղեկացրել ամերիկյան կողմին։ Այն քաղաքացիական օդանավ է, որն օգտագործվում է հետազոտական, հիմնականում օդերեւութաբանական նպատակներով։ Արեւմտյան քամիների եւ ինքնուրույն կառավարելու սահմանափակ ունակության պատճառով աերոստատը շեղվել է նախատեսված կուրսից»,-պարզաբանել է Չինաստանի ԱԳՆ-ն։

«Մենք մտադիր չենք խախտել եւ երբեք չենք խախտել որեւէ ինքնիշխան երկրի տարածք։ ԱՄՆ-ի որոշ քաղաքական գործիչներ եւ լրատվամիջոցներ ուռճացրել են այս գործը՝ Չինաստանի վրա հարձակվելու եւ Չինաստանը սեւացնելու համար: Չինական կողմը կտրականապես դեմ է դրան»,-ասվում է հաղորդագրության մեջ։