Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Շամհանին հաջորդ շաբաթ Ռուսաստան կժամանի՝ մասնակցելու Աֆղանստանի հարցով խորհրդակցություններին, Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը չի քննարկվի: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել Է ՌԴ ԱԳՆ Ասիայի երկրորդ դեպարտամենտի տնօրեն Զամիր Քաբուլովը:    

«Դա անվտանգության խորհրդի գծով միջոցառում կլինի»,-ասել է Քաբուլովը՝ պատասխանելով համապատասխան հարցին։ 

Նրա խոսքով՝ Շամհանին կմասնակցի Աֆղանստանի հարցով ավանդական բազմակողմ հանդիպմանը՝ մի շարք երկրների անվտանգության խորհուրդների ղեկավարների մակարդակով:

«Այս պլանային միջոցառումը վաղուց է սկսվել։ Աֆղանստանը կլինի կենտրոնական թեման»,-ասել է նա։

Ճշտող հարցին, թե խորհրդակցությունների ընթացքում կքննարկվի՞ արդյոք տարածաշրջանում ստեղծված իրավիճակը՝ Իրանի Սպահան քաղաքում ռազմական օբյեկտների վրա դրոնների հարձակումից հետո, որին Թեհրանը կասկածում Է Իսրայելի մասնակցության մեջ, Քաբուլովը բացասական է պատասխանել․ «Որքան ես գիտեմ, օրակարգում նման բան չկա»։

Անցյալ տարվա մայիսին Դուշանբեում տեղի է ունեցել աֆղանական խնդրի շուրջ անվտանգության խորհուրդների քարտուղարների բազմակողմ խորհրդակցությունների չորրորդ փուլը: Այդ ժամանակ հանդիպմանը մասնակցել են Հնդկաստանի, Իրանի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի եւ Ուզբեկստանի անվտանգության խորհուրդների քարտուղարները։ Խորհրդակցությունների նախորդ՝ երրորդ փուլը տեղի է ունեցել 2021 թվականի նոյեմբերի 10-ին Նյու Դելիում։

Հունվարի 29-ի գիշերը Իրանի կենտրոնական մասում գտնվող Սպահան քաղաքում ուժեղ պայթյուն է որոտացել։ Ավելի ուշ հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտնել էր պայթուցիկ լիցքով կվադրոկոպտերների օգնությամբ իր ռազմական օբյեկտներից մեկի վրա հարձակվելու անհաջող փորձի մասին։ Անօդաչու թռչող սարքերից մեկը խոցվել էր, մյուս երկուսը հայտնվել էին պաշտպանական թակարդներում եւ պայթել: ԶԼՄ-ները հայտնել էին այդ հարձակմանը ԱՄՆ-ի եւ Իսրայելի հնարավոր մասնակցության մասին։

ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Սաիդ Իրավանին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահին ուղղված իր նամակում Իսրայելին է համարել Իրանում ռազմական օբյեկտի վրա հարձակման գլխավոր պատասխանատուն: Նրա խոսքով` Իսլամական Հանրապետությունն իրավունք ունի Սպահանում ՊՆ օբյեկտի վրա հարձակման համար Իսրայելին պատասխանել «այնտեղ եւ այն ժամանակ, երբ անհրաժեշտ կհամարի»: