Իսլամաբադը կխնդրի աֆղանական «Թալիբան» շարժման գերագույն առաջնորդին Պակիստանում սանձել գրոհայիններին այն բանից հետո, երբ մզկիթում մահապարտի պայթյունի հետեւանքով տասնյակ ոստիկաններ են զոհվել, հաղորդում է AFP-ը՝ վկայակոչելով սեփական աղբյուրները:

Պակիստանի իրավապահ մարմինները Պակիստանի «Թալիբան» շարժմանը մեղադրել են երկուշաբթի Փեշավարում տեղի ունեցած պայթյունի մեջ, որի հետեւանքով 84 մարդ է զոհվել ոստիկանության ուժեղացված վարչությունում: 

Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆի հատուկ օգնական Ֆեյսալ Քարիմ Քունդին հայտարարել է, որ պատվիրակություններ կուղարկվեն Թեհրան եւ Քաբուլ, որպեսզի «խնդրեն նրանց ապահովել, որպեսզի իրենց տարածքը չօգտագործվի ահաբեկիչների կողմից Պակիստանի դեմ»։  

Պակիստանի ոստիկանության բարձրաստիճան աշխատակիցը Հայբեր Պահթունհվա նահանգում, որտեղ երկուշաբթի պայթյուն է տեղի ունեցել, AFP գործակալությանը հայտնել է, որ Քաբուլի պատվիրակությունը «բանակցություններ կանցկացնի բարձրագույն ղեկավարության հետ»։

«Երբ մենք ասում ենք բարձրագույն ղեկավարություն, դա նշանակում է․․․աֆղանական «Թալիբան» շարժման ղեկավար Հայբաթուլլա Ահունդզադա»,-հայտնել է աղբյուրը։  

Ավելի վաղ Աֆղանստանի արտաքին գործերի նախարար Ամիր խան Մութաքին զգուշացրել էր Պակիստանին, որ «չպետք է մեղքը բարդել ուրիշների վրա»։