Ռուսաստանում շատ ուշադիր կհետեւեն, թե ինչ է կատարվում Հայաստանում։ Այս մասին այսօր՝ փետրվարի 4-ին, տեսակապի միջոցով Երեւանում կայացած «Հայաստանը եւ Ռուսաստան-Արեւմուտք գլոբալ դիմակայությունը. 2022 թվականի արդյունքները» խորագրով կլոր սեղանի ժամանակ հայտարարել է ռուս քաղաքագետ, պատմական գիտությունների թեկնածու, արտաքին պաշտպանական քաղաքականության խորհրդի անդամ եւ Մոսկվայի Կարնեգի կենտրոնի նախկին տնօրեն Դմիտրի Տրենինը։

Ռուս քաղաքագետի խոսքով՝ Հայաստանը Մոսկվայում դիտարկվում է որպես ինքնիշխան պետություն, որն ինքն է որոշում, թե որ ճանապարհն ընտրել։ 

«Իհարկե, Ռուսաստանն ունի իր նկատառումները Հայաստանի զարգացման տարբեր հնարավոր ուղիների վերաբերյալ։ Հայաստանը դաշնակից է, Հայաստանը Եվրասիական ինտեգրման գործընկեր է։ Բայց մենք, իհարկե, Մոսկվայում ուշադրություն ենք դարձնում կարծիքների այն տարբերություններին, որոնք մենք նույնպես զգում ենք»,-ընդգծել է ռուս փորձագետը։

Նրա խոսքով՝ ցանկություն կա դիմել այլ հնարավոր դաշնակիցներին, պոտենցիալ դաշնակիցներին, գործընկերներին։

«Դրանում, սկզբունքորեն, ոչ մի արտառոց եւ դատապարտելի բան չկա, քանի որ միջազգային հարաբերությունները իդեալականորեն ենթադրում են միջազգային հարաբերությունների բոլոր մյուս մասնակիցների հետ շփվելու եւ փոխազդելու հնարավորություն։ Բայց այստեղ շատ կարեւոր է կողմնորոշվելը։ Անորոշությունը, հավանաբար, առավել սնուցվող միջավայր է տարբեր հակամարտությունների համար: Ցանկացած ընտրություն ունի իր գինը։ Մենք դա այսօր տեսնում ենք հետխորհրդային շատ պետությունների օրինակով։ Այնպես որ, ես կարծում եմ, որ մենք այստեղ շատ ուշադիր կհետեւենք, թե ինչ է կատարվում Հայաստանում»,-նշել է Դմիտրի Տրենինը։

Ռուս քաղաքագետն ընդգծել է, որ Մոսկվայում առաջին հերթին նկատի են ունենալու Ռուսաստանի ազգային շահերը՝ միաժամանակ նշելով, որ անհրաժեշտ է հասկանալ, որ Ռուսաստանը ոչ Խորհրդային Միություն է, ոչ էլ Ռուսական կայսրություն եւ չի պատրաստվում վերականգնել ո՛չ Միությունը, ո՛չ կայսրությունը։

«Եվ ռուսական վարքագիծն այլ կլինի, քան Խորհրդային Միության կամ Ռուսական կայսրության պահվածքն անցյալում, եւ այս կամ այն տարածաշրջանների նշանակությունն այսօր Ռուսաստանի համար այլ է, քան այն եղել է 150 տարի կամ 50 տարի առաջ։ Այդ ամենը պետք է հաշվի առնել»,-եզրափակել է ռուս փորձագետը։