Վենեսուելայի նավթի նախարար Տարեկ Զայդան Էլ Այսամին Իրանի փորձը օգտագործելու եւ նավթի ու էներգետիկայի ոլորտներում համագործակցությունը զարգացնելու իր երկրի պատրաստակամությունն է հայտնել, գրում է Tasnim-ը։

Ուրբաթ օրը Կարակասում Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր-Աբդոլլահիանի հետ հանդիպման ժամանակ Էլ Այսամին բարձր է գնահատել Իրանի նշանակալի փորձն ու համապատասխան տեխնոլոգիաները էներգետիկ ոլորտում:

Նա նաեւ կոչ է արել փոխանցել այս փորձը Վենեսուելային եւ ընդլայնել համագործակցությունը Իրանի հետ նավթարդյունաբերության ոլորտում՝ ասելով, որ նման փոխգործակցությունը կամրապնդի երկու երկրների դիրքերն աշխարհում:

Իրանի արտգործնախարարն իր հերթին կոչ է արել իրականացնել երկու պետությունների միջեւ նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները եւ վերացնել խոչընդոտները ու արագացնել փոխադարձ համագործակցությունը։

Երկու նախարարները նաեւ բարձր են գնահատել Իրանի եւ Վենեսուելայի միջեւ համապարփակ համագործակցության ռազմավարական փաստաթուղթը՝ որպես երկկողմ հարաբերությունների ճանապարհային քարտեզ։

2022 թվականի հունիսին Թեհրան Մադուրոյի կատարած պաշտոնական այցի ընթացքում Իրանը եւ Վենեսուելան ստորագրել են 20-ամյա գործընկերության համաձայնագիր՝ երկկողմ հարաբերությունները զարգացնելու համար։

Փաստաթուղթը ներառում է համագործակցություն գիտության, տեխնոլոգիայի, գյուղատնտեսության, նավթի եւ գազի, նավթաքիմիայի, զբոսաշրջության եւ մշակույթի ոլորտներում։