Թուրքիան ուրբաթ օրը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին եւ միջազգային հանրությանը կոչ է արել ճանաչել «Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը եւ Կիպրոսի թուրքերի հավասար միջազգային կարգավիճակը», հաղորդում է Anadolu-ն։

«Մենք կոչ ենք անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին եւ միջազգային հանրությանը պաշտոնապես գրանցել Կիպրոսի թուրքերի հավասար միջազգային կարգավիճակը եւ ճանաչել Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը»,- Անկարայում ելույթի ժամանակ ասել է Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը։

Նա նաեւ քննադատել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ Կիպրոսում ՄԱԿ-ի խաղաղապահների մանդատը երկարաձգելու երկուշաբթի օրը կայացրած որոշման համար՝ ասելով, որ այդ քայլը «երկար տարիների ընթացքում Կիպրոսի հանդեպ եւս մեկ սխալ է»։

Հիշեցնենք, որ 1974 թվականին Թուրքիան ներխուժել է Կիպրոսի տարածք եւ գրավել տարածքի գրեթե 40%-ը։

Առայժմ միայն Թուրքիան է ճանաչել «Հյուսիսային Կիպրոսը»։