Ֆրանսիայի եւ Գերմանիայի էկոնոմիկայի նախարարները ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաներին կոչ կանեն չփորձել ակտիվորեն «կանաչ» ներդրումներ ներգրավել Եվրոպայից, երբ հաջորդ շաբաթ այցելեն Վաշինգտոն՝ ԱՄՆ-ի «կանաչ» տեխնոլոգիաների սուբսիդավորման վերաբերյալ մտահոգություններն արտահայտելու համար, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով ֆրանսիացի պաշտոնյաներին:

Ֆրանսիայի եւ Գերմանիայի էկոնոմիկայի նախարարներ Բրունո Լը Մերը եւ Ռոբերտ Հաբեկը Վաշինգտոնում մամուլի մտահոգությունները կհայտնեն Գնաճի նվազեցման մասին ԱՄՆ օրենքի համաձայն հարկային արտոնությունների վերաբերյալ, որը սուբսիդավորում է ապրանքները՝ էլեկտրամոբիլներից մինչեւ արեւային մարտկոցներ, եթե դրանք համապատասխանում են տեղական արտադրության պահանջներին:

Ֆրանսիայի էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչների խոսքով՝ երեքշաբթի օրը ԵՄ երկու երկրների էկոնոմիկայի նախարարները կհանդիպեն Սպիտակ տան պաշտոնատար ներկայացուցիչների, ինչպես նաեւ ֆինանսների նախարար Ջանեթ Յելենի, առեւտրային ներկայացուցիչ Քեթրին Թայի եւ առեւտրի նախարար Ջինա Ռայմոնդոյի հետ:

ԵՄ երկրների կառավարությունները մտահոգված են, որ հարկային արտոնությունները ոչ միայն անարդարացիորեն անբարենպաստ վիճակում են դնում եվրոպական արտադրողներին, այլեւ կարող են ակտիվորեն օգտագործվել Եվրոպայից ԱՄՆ ներդրումներ ներգրավելու համար:

«Նախարարների ուղերձներից մեկն այն կլինի, որ եվրոպական ընկերություններին չխնդրեն գործարանները տեղափոխել ԱՄՆ։ Բավարար տեղ կլինի բոլորի համար, որպեսզի ներդրումներ արվեն ինչպես Եվրոպայում, այնպես էլ ԱՄՆ-ում»,- ասել է գործակալության աղբյուրը: Մեկ այլ աղբյուրի համաձայն՝ նպատակը եվրոպական ընկերություններին ԱՄՆ-ում ներդրումներ կատարելու «ագրեսիվ առաջարկներից» խուսափելն էր։

Աղբյուրների կարծիքով՝ Վաշինգտոնը ԵՄ ընկերությունների նկատմամբ իր վերաբերմունքը բարելավելու համար նոր զիջումների քիչ հնարավորություններ ունի այն բանից հետո, երբ Եվրահանձնաժողովն արդեն մասնակի հաղթանակ է տարել Հյուսիսային Ամերիկայի սահմաններից դուրս արտադրված էլեկտրամոբիլների առումով, որոնք հարկային արտոնությունների իրավունք ունեն, եթե դրանք վարձակալվում են սպառողների կողմից:

Այնուամենայնիվ, նախարարները հույս ունեն համոզել ամերիկացի պաշտոնյաներին ավելի մեղմ վերաբերվել էլեկտրական մեքենաների մարտկոցներում օգտագործվող կարեւոր նյութերի տեղական արտադրության պահանջներին, ասել է առաջին պաշտոնյան:

Նրանք նաեւ կձգտեն Գնաճի նվազեցման մասին օրենքի համաձայն ստացվող սուբսիդիաների վերաբերյալ թափանցիկ լինելու պարտավորություն կորզել ԱՄՆ-ից, ասել են երկու պաշտոնյաները:

Սա առանցքային պահ է, քանի որ այն կարող է որոշել, թե պետական աջակցության ինչ ծավալ կարող են ստանալ եվրոպական ընկերությունները՝ Եվրոպայի երրորդ երկրներից համապատասխան սուբսիդիաներ թույլ տալու Եվրոպական հանձնաժողովի առաջարկի համաձայն: