Հայաստանի իշխանությունները կուլիսներում քննարկում են Արցախի նկատմամբ ադրբեջանական ինքնիշխանության ճանաչման հնարավորությունը՝ Սյունիքի հանդեպ Ադրբեջանի հավակնություններից հրաժարվելու դիմաց։ Արեւմուտքում նույնպես կողմ են կարգավորման փաթեթային տարբերակին։ Այս մասին, հյուրընկալվելով NEWS.am-ի «Ուժի գործոն» հաղորդաշարին, ասաց Ամերիկյան Լիհայի համալսարանի պրոֆեսոր, քաղաքագետ Արման Գրիգորյանը։

«Իսկ ահա ռուսական տարբերակն իր էությամբ փուլային է։ Ըստ այդ տարբերակի՝ այսօր անհնար է հասնել Արցախի կարգավիճակի հարցի այնպիսի լուծման, որը ելնում է Հայաստանի եւ Ադրբեջանի շահերից, ուստի հարցը պետք է հետաձգել մինչեւ խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո ժամանակաշրջանը։ Սա Հայաստանին ավելի է ձեռնտու է, քան փաթեթային լուծումը»,- կարծում է փորձագետը։

Նա բացատրեց, որ այս մոտեցումների տարբերությունը նաեւ միջնորդի ընտրության մեջ է։

«Փաթեթային տարբերակի ընտրությունը ենթադրում է Ռուսաստանին տարածաշրջանից դուրս բերելու գործընթաց, որը կարող է Մոսկվայի կողմից կոշտ հակազդեցության սպառնալիք ստեղծել։ Բայց կպաշտպանի՞ արդյոք դա Հայաստանին Ադրբեջանի եւ Թուրքիայի հավանական ագրեսիայից»,- հռետորական հարց տվեց քաղաքագետը։

Նա հիշեցրեց, որ անցյալ տարի Ադրբեջանի ռազմական ծախսերն ավելացել են 40 տոկոսով, Հայաստանի հետ ուժերի հավասարակշռությունն էլ ավելի է խախտվել՝ ոչ հօգուտ Երեւանի։

«Այս դեպքում ամեն ինչ կախված է Ռուսաստանի դիրքորոշումից, որը շահագրգռված է հայկական Արցախը պահպանելու հարցում, թեեւ Մոսկվան չի կարող ճանաչել Արցախի անկախությունը, քանի որ դա կբերի Թուրքիայի հետ բախման»,- ընդգծեց Գրիգորյանը։

Միաժամանակ փորձագետը մտահոգություն հայտնեց Ալմաթիի հռչակագրին հղումներ անելու եւ միայն 29 800 քառակուսի կիլոմետրը պաշտպանելու պատրաստակամության մասին Հայաստանի իշխանությունների հայտարարությունների վերաբերյալ։