Ռուսաստանը կտրուկ բացասաբար արձագանքեց Հայաստան ԵՄ առաքելություն ուղարկելուն։ Ռուսաստանի եւ ԵՄ-ի առճակատման պայմաններում նրանց հարաբերությունները վերածվեցին զրոյական գումարով խաղի, Մոսկվան ավելի շատ խանդով է վերաբերվում Արեւմուտքի գործողություններին՝ կասկածելով, որ նա ցանկանում է դուրս բերել ՌԴ-ին Հարավային Կովկասի տարածաշրջանից։ Այս մասին, հյուրընկալվելով NEWS.am-ի «Ուժի գործոն» հաղորդաշարին, ասաց Ամերիկյան Լիհայի համալսարանի պրոֆեսոր, քաղաքագետ Արման Գրիգորյանը։

Չնայած այս արձագանքին, Ռուսաստանը, նրա կարծիքով, նույնպես շահագրգռված է այդ առաքելության տեղակայմամբ, քանի որ նա միայնակ ի վիճակի չէ զսպել Ադրբեջանի որոշակի գործողություններ։ Հաշվի առնելով, որ առաքելությունը բավականին սահմանափակ է իր գործառույթներով՝ չափազանցություն կլիներ ենթադրել, որ նա կարող է լուրջ հարված հասցնել Ռուսաստանի ռազմավարական շահերին։ Ուստի Մոսկվան սրա պատճառով չի գնա էսկալացիայի կամ կոշտ գործողությունների։

ԵՄ առաքելությունից իր ակնկալիքները փորձագետը նկարագրեց «ձուկ չլինելու պայմաններում խեցգետինն էլ է ձուկ» աֆորիզմով։

«Թեեւ նա չունի հստակ մանդատ, այնուամենայնիվ, ցանկացած զսպող գործոն մեր պայմաններով, ինչպես նաեւ Ռուսաստանի զբաղվածության ֆոնին, որպես խաղաղապահ գործոն նրա անկարողության կամ չցանկանալու պայմաններում, կարող է դրական ազդեցություն ունենալ»,- նշեց Գրիգորյանը։

Ուկրաինայում էսկալացիան ուժեղանում է, Արեւմուտքում մտահոգություն կա ճակատում փոփոխությունների հետ կապված։ Այս պայմաններում փոքր երկրները ստիպված են միանշանակ ընտրություն կատարել։ Փորձագետը կարծում է, որ Հայաստանը կարող է կանգնել նման ընտրության առաջ, եւ այդպիսի նախադրյալներ արդեն կան։

Եթե Հայաստանը ջնջի Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունները եւ փորձի դուրս բերել ռուսական բազան Գյումրիից՝ ռազմավարական կողմնորոշումը փոխելու համար, ապա դա, Գրիգորյանի գնահատմամբ, կարող է հանգեցնել Մոսկվայի ավելի կոշտ արձագանքի։

«Հայ հասարակության մեջ դիսկուրս կա արտաքին քաղաքական կուրսի փոփոխության հնարավորության մասին, որն առաջ են մղում իշխանությունները եւ իշխանամետ սուբյեկտները։ Հայաստանի իշխանությունները հստակ, հետեւողական դիրքորոշում կամ կայացրած որոշում չունեն։ Կարծես թե նրանք, իրավիճակից ելնելով, կամ վազում են Մոսկվա՝ թուղթ ստորագրում, կամ գնում են Արեւմուտք ու որոշակի խոստումներ տալիս։

2020 թվականի պատերազմի ժամանակ Ռուսաստանից հայ հասարակության որոշ ակնկալիքներ չարդարացան՝ ի տարբերություն սեպտեմբերյան էսկալացիայից հետո եւ Լաչինի միջանցքի շրջափակումից հետո ստեղծված իրավիճակի։ Վերջին դեպքում այս սպասումներն արդարացան, սակայն կյանքի չկոչվեցին։ Ադրբեջանական զորքերը հաստատվեցին Հայաստանի տարածքում, բացի այդ՝ ռուսները 50 օրից ավելի է չեն կարողանում ապաշրջափակել Լաչինի միջանցքը, եւ հասկանալի է հասարակության մեջ առկա դժգոհությունը, այնպես, ինչպես այլընտրանքներ փնտրելու ձգտումը։

Այլ հարց է՝ իսկ կան արդյոք այդ այլընտրանքային ուժերը, որոնք պատրաստ են անել այնքան, որքան Ռուսաստանը, կամ ավելին, քան Ռուսաստանը։ Ես չեմ լսել եւ չեմ տեսել երաշխիք որեւէ երկրի կողմից, որը պատրաստ է մեզ ռազմական դաշինքի մեջ վերցնել, փոխարինել Ռուսաստանին եւ այդ կոալիցիան ուղղել Թուրքիայի եւ Ադրբեջանի դեմ։

Ես գիտեմ, որ նման երաշխիքներ չկան, Արեւմուտքի համար Հայաստանն այնպիսի ռազմավարական արժեք չի ներկայացնում, որ դեմ գնա Թուրքիային կամ Ադրբեջանին։

Ֆրանսիայի հայտարարություններով լուրջ ոգեւորություն կա, բայց եթե դրանք իրական աջակցությամբ չեն ամրապնդվում, ապա փաստացի ոչինչ չեն տալիս։

Իրական այլընտրանքի բացակայության պատճառով սակարկությունների պահուստը սահմանափակ է, եւ Ռուսաստանը օգտվում է դրանից։ Ռուսաստանը ենթադրում է, որ Հայաստանը ճար չունի։ Այսպիսի մոտեցմամբ Ռուսաստանն իր համար խնդիրներ է ստեղծել, քանի որ Հայաստանում այժմյան մթնոլորտն ակնհայտորեն չի բխում նրա շահերից։ Սա Ռուսաստանի PR-ի ձախողման հետեւանք է»,- ընդգծեց քաղաքագետը։

Նա կարծում է, որ Ռուսաստանը կպաշտպանի մեր շահերը այնքան, որքան այդ շահերը թույլ են տալիս։ «Մենք պետք է հասկանանք Ռուսաստանի շահերը, հասկանանք, թե ինչ հարցերում կարող ենք աջակցություն ակնկալել Մոսկվայից, իսկ ինչ հարցերում՝ ոչ։ Պետք է հասկանալ նաեւ, թե կան արդյոք այլընտրանքներ եւ ինչով են դրանք վտանգավոր։ Մենք, մեր հարեւաններից պաշտպանություն փնտրելով, կարող ենք ակամա խնդիրներ ստեղծել Ռուսաստանի համար»,- եզրափակեց Գրիգորյանը։