Turkish Airlines ավիաընկերությունը Ստամբուլում սպասվող ձյան տեղումների պատճառով կիրակի եւ երկուշաբթի նախատեսված 238 չվերթ է չեղարկել, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով ընկերության մամուլի ծառայությանը։

Ավելի վաղ ընկերությունը նախազգուշացրել էր եղանակային վատ պայմանների պատճառով թռիչքների չեղարկման հնարավորության մասին։

«Չեղարկվել է կիրակի եւ երկուշաբթի օրը Ստամբուլի Նոր օդանավակայան ժամանող եւ մեկնող 238 չվերթ, որից 72-ը՝ ներքին, 166-ը՝ միջազգային»,- հայտնել են ավիաընկերության մամուլի ծառայությունից։ Միաժամանակ հնարավոր է չեղարկված չվերթների թիվն ավելանա։

Ուղեւորներին խնդրում են ստուգել ավիաընկերության կայքը եւ օդանավակայանի ցուցատախտակը՝ թռիչքի կարգավիճակը ստուգելու համար:

Turkish Airlines-ը թռիչքներ է իրականացնում նաեւ դեպի Ստամբուլի երկրորդ՝ Սաբիհա Գյոքչենի անվան օդանավակայան։

Ստամբուլի նահանգապետ Ալի Երլիկայան քաղաքի բնակիչներին զգուշացրել է, որ, օդերեւութաբանների տվյալներով, շաբաթ եւ կիրակի օրերին քաղաքում ձյան առատ տեղումներ են սպասվում՝ անձրեւի հետ միասին, օդի ջերմաստիճանը կնվազի մինչեւ 0 աստիճան։

«Սիբիրյան» սառնամանիքները, ինչպես դրանք նկարագրում են տեղական լրատվամիջոցները, կուղեկցվեն մինչեւ 60-80 կմ/ժ արագությամբ քամիներով։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ էական տեղումների բացակայությունը հանգեցրել է Ստամբուլի ջրամբարներում ջրի մակարդակի աղետալի նվազման, երաշտի եւ սպառողներին ջրի մատակարարման սահմանափակումների վտանգ է առաջացել։ Այս պահին Ստամբուլը սնուցող ջրամբարները 30%-ից էլ քիչ են լցված։

2022 թվականի դեկտեմբերը եւ 2023 թվականի հունվարը ամենաշոգն են եղել Թուրքիայում վերջին 52 տարվա դիտարկումների ընթացքում։