Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը գերմանական Bild am Sonntag հրատարակությանը տված հարցազրույցում ասել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցների ժամանակ իրեն չի սպառնացել։

Լրագրողը հիշեցրել է Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնի խոսքերը, ով պնդում էր, թե սպառնալիքներ է լսել ՌԴ առաջնորդից։

«Ո՛չ, Պուտինը չի սպառնացել ոչ ինձ, ոչ Գերմանիային», - պատասխանել է Շոլցը՝ հավելելով, որ հեռախոսազրույցների ընթացքում «ավելի քան հստակեցել են» քաղաքական գործիչների «լիովին տարբեր դիրքորոշումներն» Ուկրաինայի պատերազմի վերաբերյալ։

«Պուտինին հասկացնում եմ, որ պատերազմի ողջ պատասխանատվությունը կրում է Ռուսաստանը։ Ռուսաստանը առանց որեւէ պատճառի հարձակվել է հարեւան պետության վրա, որպեսզի գրավի Ուկրաինայի մի մասը կամ ամբողջ երկիրը»,- ասել է Գերմանիայի կանցլերը։

Նրա խոսքով, ուղղակի անհնար է ընդունել այդ հարձակումը, քանի որ այն «հիմնովին խախտում է եվրոպական աշխարհակարգը»։

Հարցին, արդյո՞ք Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ պայմանավորվածություններ կան, որ Արեւմուտքից ստացված զենքը կօգտագործվի միայն Ուկրաինայի տարածքում, Օլաֆ Շոլցը պատասխանել է. «Այս հարցում կոնսենսուս կա», գրում է Deutsche Welle-ն։