Բիշքեկում Իրանի դեսպան Սաիդ Խարազին կիրակի օրը հայտարարել է, որ Ղրղզստանի նախագահ Սադիր Ջապարովը եւ արտաքին գործերի նախարար Ռուսլան Կազակբաեւը մտադիր են առաջիկա օրերին այցելել Իրան, փոխանցում է իրանական Mehr լրատվական գործակալությունը։

Իրանը պատրաստ է բոլոր ոլորտներում համագործակցել Ղրղզստանի հետ, նշել է Խարազին՝ հավելելով, որ Թեհրանի համար Բիշքեկի հետ համագործակցության սահմանափակումներ չկան։

Նշելով, որ օրակարգում է իրանա-ղրղզական տնտեսական համատեղ հանձնաժողովի 13-րդ նիստը, Իրանի դեսպանը հայտարարել է, որ հանդիպման ընթացքում նախատեսվում է ստորագրել 10 փաստաթուղթ։

Խարազին նշել է, որ Իրանի զինված ուժերի գլխավոր հրամանատարի եւ Ղրղզստանի պաշտպանության նախարարի հեռախոսազրույցի ընթացքում իրանական կողմը պատրաստակամություն է հայտնել ռազմական հարաբերություններ պահպանել Բիշքեկի հետ։

Նա նաեւ հույս է հայտնել, որ Թեհրանն ու Բիշքեկը կամրապնդեն իրենց կապերը տրանսպորտի ոլորտում՝ հավելելով, որ վերջին տարիներին երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառության ծավալներն աճել են։