Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկուշաբթի նախարարների կաբինետի հետ կքննարկի ընտրությունների ժամանակացույցը եւ Շվեդիայի ու Ֆինլանդիայի անդամակցելու գործընթացը ՆԱՏՕ-ին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրին։

Ֆինլանդիան եւ Շվեդիան անցած մայիսին Ուկրաինայում տեղի ունեցած իրադարձությունների ֆոնին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին՝ դաշինքին միանալու հայտ էին ներկայացրել։ Սկզբում Թուրքիան արգելափակել էր դիմումների քննարկման գործընթացը, սակայն արդեն հունիսի 29-ին Շվեդիայի եւ Ֆինլանդիայի հետ ստորագրել էր անվտանգության հուշագիր, որը հաշվի է առնում Անկարայի բոլոր մտահոգությունները։ Մինչ օրս Շվեդիայի եւ Ֆինլանդիայի հայտերը չեն վավերացրել 30 երկրներից միայն երկուսը` Հունգարիան եւ Թուրքիան:

«Վաղը նախարարների կաբինետը նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ հանդիպում կունենա։ Օրակարգում ամենակարեւոր հարցերն են ընտրությունների ժամանակացույցը, տնտեսությունը եւ Շվեդիայի ու Ֆինլանդիայի անդամակցության գործընթացը ՆԱՏՕ-ին», - ասել է աղբյուրը։

Շվեդիայի արտաքին գործերի նախարար Թոբիաս Բիլստրյոմը վերջերս ասել է, որ Ղուրանի այրման հետ կապված գործողությունների ֆոնին կասեցվել է թագավորության՝ ՆԱՏՕ-ին միանալու գործընթացը, սակայն հույս է հայտնել, որ Անկարայի հետ հնարավոր կլինի պայմանավորվածություններ ձեռք բերել հուլիսին Վիլնյուսում կայանալիք դաշինքի ԱԳ նախարարությունների գագաթաժողովում։ Ինչպես «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է աղբյուրը, թուրքական կողմի խնդրանքով ՆԱՏՕ-ին Շվեդիայի եւ Ֆինլանդիայի անդամակցության գործընթացի եռակողմ մեխանիզմը անորոշ ժամկետով կասեցվել է։

Ֆինլանդիայի ԱԳՆ ղեկավար Պեկկա Հաավիստոն թույլ է տվել շարունակել Հյուսիսատլանտյան դաշինքին երկրի դիմումը Շվեդիայից դիմումից զատ վավերացնելու ընթացակարգը, սակայն հետո հետ է վերցրել իր խոսքերը։ Իր հերթին, Թուրքիայի արտգործնախարար Մեւլյութ Չավուշօղլուն ասել է, որ Թուրքիան Ֆինլանդիայից առաջարկներ չի ստացել՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու առանձին դիմումի վերաբերյալ։

Ինչպես ավելի վաղ ասել էր Էրդողանը, մայիսի 14-ին երկրում նշանակված են համընդհանուր ընտրություններ (ինչպես նախագահական, այնպես էլ խորհրդարանական):