Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության խոսնակ Անն-Քլեր Լեժանդրը RTVI News-ին տված հարցազրույցում խոսել է Լաչինի միջանցքը ապաշրջափակելու Ֆրանսիայի ջանքերի մասին։

«Այսօր մենք չափազանց մտահոգված ենք Լաչինի միջանցքի շրջափակմամբ։ Մենք անընդհատ պահանջում ենք, որ այդ միջանցքը ապաշրջափակվի, որպեսզի բնակչությանը մարդասիրական պարենային օգնություն հասցվի։ Լեռնային Ղարաբաղում հումանիտար լուրջ ճգնաժամի իրական վտանգ կա։ Բացի այդ, մենք աջակցում ենք Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բանակցությունների վերսկսմանը ռւ ցանկանում, որ դա տեղի ունենա», - ասել է Լեժանդրը։

Նա հիշեցրել է եվրոպական միջնորդությունը, որին Ֆրանսիան անվերապահորեն աջակցում է։

«Դուք նաեւ գիտեք, եւ հենց Հանրապետության Նախագահի շնորհիվ է, որ երկու երկրների ներկայացուցիչները կարողացել են զրուցել միմյանց հետ անցած տարվա հոկտեմբերին կայացած գագաթաժողովի շրջանակներում, որի ժամանակ մենք որոշեցինք Հայաստանից սահման ուղարկել ԵՄ առաքելություն՝ լարվածությունը թուլացնելու եւ սահմանների նկատմամբ անձեռնմխելիությունը ապահովելու համար», - ասել է Ֆրանսիայի ԱԳՆ ներկայացուցիչը։

Նրա խոսքով, Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանին հստակ արտահայտված է։

«Դա արտահայտվել է ամենաբարձր պետական ​​մակարդակով։ Դուք գիտեք, որ հանրապետության նախագահն անձամբ գործադրեց բոլոր ջանքերը, որպեսզի կարողանանք վերսկսել բանակցությունները, որպեսզի այս իրավիճակը հանգուցալուծվի եւ լարվածությունը նվազի», - եզրափակել է Լեժանդրը։