Հռոմի Ֆրանցիսկոս Առաջին պապը կիրակի օրը հայտարարել է, որ ԼԳԲՏ անձանց քրեական պատասխանատվության ենթարկող օրենքները մեղք են եւ անարդարություն, քանի որ Աստված սիրում է ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչներին, հայտնում է Reuters լրատվական գործակալությունը։

«Համասեռամոլության քրեականացումը խնդիր է, որը չի կարելի անտեսել», - աֆրիկյան ուղեւորությունից վերադառնալիս ինքնաթիռում գտնվող լրագրողներին ասել է Ֆրանցիսկոս Առաջինը:

Հռոմի պապը նաեւ նշել է, որ 50 երկիր «այս կամ այն ​​կերպ» քրեականացնում է ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչներին, եւ մոտ 10 այլ երկրներում գործում են օրենքներ, որոնք նրանց համար մահապատիժ են նախատեսում։

«Դա ճիշտ չէ․ համասեռամոլները Աստծո զավակներն են։ Աստված սիրում է նրանց: Աստված նրանց ուղեկցում է... նման մարդուն դատապարտելը մեղք է։ Համասեռամոլության քրեականացումը անարդարություն է», - ասել է Պապը:

Նա նշել է, որ կաթոլիկ եկեղեցու կատեխիզիսում ասվում է, որ միասեռական գրավչությունը մեղք չէ՝ ի տարբերություն միասեռական արարքների։ Այն նաեւ ասում է, որ ԼԳԲՏ մարդկանց չպետք է մարգինալացնել, նշել է Պապը։

Միեւնույն ժամանակ, ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչներին քրեական պատասխանատվության ենթարկող օրենքները դատապարտել են նաեւ անգլիկան համայնքի ղեկավար, Քենթերբերիի արքեպիսկոպոս Ջասթին Ուելբին եւ գլխավոր պրեսբիտերական նախարար Յան Գրինշիլդսը, ովքեր նույնպես ինքնաթիռում են եղել։