Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կիրակի օրը դատապարտել է Ստամբուլում արեւմտյան երկրների հյուպատոսությունների ժամանակավոր փակումը` զգուշացնելով «միջոցներ» ձեռնարկել, եթե այդ գրասենյակները փակ մնան, հայտնում է Anadolu լրատվական գործակալությունը:

«Վերջերս մեր արտաքին գործերի նախարարությունը նրանց կանչեց ու վերջնագիր տվեց առ այն, որ եթե նրանք շարունակեն նման գործողությունները, ապա թանկ կվճարեն», - ասել է Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկրի արեւմտյան Այդին նահանգում երիտասարդների հետ կայացած հանդիպման ընթացքում:

«Մենք երկուշաբթի կաբինետի նիստ ունենք, եւ անհրաժեշտ որոշումներ կկայացնենք վերոնշյալ քայլի վերաբերյալ», - ասել է Թուրքիայի ղեկավարը։

Նա նաեւ մեղադրել է համաշխարհային տերություններին՝ երկրում կայանալիք համընդհանուր ընտրությունների վրա ազդելու փորձի համար։

«Բոլորը, ներառյալ միջազգային լրատվամիջոցները, գրում են այն մասին, թե որքան կարեւոր են ընտրությունները մեր երկրի, ազգի եւ համաշխարհային քաղաքականության համար», - ասել է Էրդողանը․ «Դրա համար իմ դեմ ստոր արշավներ են սկսվում։ Սա է մեր սուրբ գրքի՝ Ղուրանի այրման գործողությունների նպատակը, որոնք աջակցություն են ստանում խոսքի ազատության քողի տակ... Դա անապահովության զգացում է առաջացնում, որի թիրախը մեր զբոսաշրջության ոլորտն է»։

Ավելի վաղ Թուրքիայի ԱԳՆ են կանչվել 9 երկրների դեսպաններ, այդ թվում՝ երկրների, որոնք դադարեցրել են իրենց հյուպատոսությունների աշխատանքը՝ ահաբեկչական հարձակումների սպառնալիքի պատճառով։

Մի շարք երկրներ, այդ թվում՝ Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան եւ Միացյալ Նահանգները, իրենց քաղաքացիներին զգուշացրել են Թուրքիայում հնարավոր հարձակումների մեծ ռիսկի մասին, հատկապես դիվանագիտական ​​ներկայացուցչությունների եւ ոչ մուսուլմանական պաշտամունքի վայրերի նկատմամբ: Գերմանիան, Ֆրանսիան եւ Նիդեռլանդները այն երկրների թվում էին, որոնք այս շաբաթ անվտանգության նկատառումներից ելնելով ժամանակավորապես փակել էին իրենց դիվանագիտական ​​ներկայացուցչությունները։

Թուրքիան, իր հերթին, իր քաղաքացիներին զգուշացրել է ԱՄՆ-ում եւ Եվրոպայում «հնարավոր իսլամաֆոբ, այլատյաց եւ ռասիստական ​​հարձակումների» մասին։