Կիպրոսի Հանրապետության նախագահը կընտրվի երկրորդ փուլով։ Այս մասին վկայում են կիրակի՝ փետրվարի 5-ին հրապարակված նախնական պաշտոնական արդյունքները։ Ընտրությունների երկրորդ փուլը տեղի կունենա փետրվարի 12-ին։

Ընտրաթերթիկների մոտ 100 տոկոսի ստուգման արդյունքներով՝ առաջին փուլի անվերապահ առաջատարն է Կիպրոսի արտաքին գործերի նախարար Նիկոս Խրիստոդուլիդիսը։ Պահպանողական քաղաքական գործիչը ստացել է ձայների 32,04 տոկոսը։

Երկրորդ տեղի համար, որը վճական փուլին մասնակցության իրավունք է տալիս, համառ պայքար է ծավալվել։ Կղզու հարցի կարգավորման հունա-կիպրոսյան կողմի նախկին գլխավոր բանագնաց եւ ՄԱԿ-ում Կիպրոսի նախկին մշտական ներկայացուցիչ Անդրեաս Մավրոյանիսը, որին աջակցում է ձախ AKEL կուսակցությունը, ստացել է ձայների 29,59 տոկոսը։ Կառավարող Դեմոկրատական (DISY) կուսակցության առաջնորդ Ավերոֆ Նեոֆիտուն ստացել է 26,11 ձայն։

Եվրամիության անդամ Կիպրոսի Հանրապետության նախագահն ընտրվում է համընդհանուր քվեարկությամբ, ձեւավորում եւ գլխավորում է կառավարությունը։ Ընտրություններին մասնակցում են միայն կիպրոսցի հույները։ Չճանաչված Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության բնակիչները ընտրություններին չեն մասնակցում։