ՀՅԴ երիտասարդական, ուսանողական եւ պատանեկան միությունները մշտապես անկյունաքարային դեր են ունեցել մեր կառույցի համար. մեծապես մեր միությունների համադրված, առաջադեմ եւ համարձակ գործողությունների արդյունքում է, որ հնարավոր է եղել 130 տարուց ավել դիմակայել  ժամանակի եւ պատմության նետած բոլոր  փորձություններին, ոչ միայն դիմակայել, այլեւ պահպանել հայ ժողովրդի կյանքում դերակատար լինելու ՀՅԴ հանձնառությունը: Այս մասին, այսօր՝ փետրվարի 6-ին, Երեւանում ՀՅԴ Երիտասարդականի Համաշխարհային համագումարի բացման ժամանակ իր խոսքում նշեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արգիշտի Գեւորգյանը:

« Սակայն մեր երիտասարդների դերակատարությունը նոր կարեւորություն է ստացել  հատկապես պատմական այս ժամանակահատվածում:

Ձեր գործունեությունը, առանց չափազանցնելու, անկյունաքարային նշանակություն ունի ծանր օրեր ապրող մեր հայրենիքի եւ աշխարհասփյուռք մեր ժողովրդի բոլոր զավակների  համար: Այս օրերին է, որ դուք կարող է եւ պետք է դառնաք այն ճրագները, որոնք մեր բոլոր համայնքներում, նաեւ Արցախում ու Հայաստանում կվառեն պայքարի ջահը, եւ դարձյալ կկանգնեն հայրենիքի համար մղվող պայքարի  առաջնագծում»,-ասաց նա:

ՀՅԴ անդամի խոսքով, այսօր մեկնարկող համագումարի օրակարգը լավագույնս արտացոլում է դաշնակցական երիտասարդի աշխարհայացքը բոլոր ոլորտներում՝ արդարության ձգտումից մինչեւ երիտասարդական խնդիրների վերհանում եւ, իհարկե, ուժերի կենտրոնացում այնտեղ, որտեղ դրա կարիքն ամենաշատն է զգացվում:

Ողջունում եմ համագումարը Սյունիքում անցկացնելու ձեր որոշումը, որը կարեւոր ուղերձ է ոչ միայն սյունեցիներին,  այլեւ գիշատչի հայացքը Սյունիքին հառած թշնամիներին»:

Նշենք, որ Երևանում այսօր մեկնարկել է ՀՅԴ Երիտասարդականի Համաշխարհային համագումարը: Մինչ ելույթները համագումարի մասնակիցները հոտնկյաս ունկնդրել են Հայաստանի, Արցախի օրհներգները, ՀՅԴ քայլերգը, ապա մեկ րոպե լռությամբ հարգել հայրենիքի պաշտպանության գործում, բոլոր ժամանակներում ազգային ազատագրական պայքարում զոհվածների հիշատակը։

Համագումարը իր մեջ ներառում  ու համախմբում է ավելի քան 15 երկրների ՀՅԴ երիտասարդական եւ ուսանողական 33 կազմակերպություններ: Այն նպատակ ունի քննարկելու եւ համադրելու առաջիկա քառամյա գործունեության աշխատանքները: Այն կշարունակվի մինչև փետրվարի 10-ը։ Համագումարի շրջանակում միջոցառումներ տեղի կունենան նաև Սյունիքում։ Այս տարի լրանում է ՀՅԴ երիտասարդականի 90-ամյակը: