Փետրվարի 6-ին՝ ժամը 9․30-ի դրությամբ, Շիրակի մարզի բոլոր տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյան տեղումները շարունակվում են։ Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում ձյան շերտի հաստությունը կազմում է 15-20 սմ, Ախուրյանի, Անիի և Արթիկի տարածաշրջաներում՝ 5-10 սմ։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Շիրակի մարզպետարանից, որը նաեւ տեսանյութ է հրապարակել:

ՀՀ միջպետական, հանրապետական, մարզային նշանակության ավտոմոբիլային ճանապարհները բաց են և երթևեկելի։ Ճանապարհների որոշ հատվածներում երթևեկամասի վրա առկա են մերկասառույցի կամ տրորված-պնդացած ձյան շերտեր։ Ճանապարհները սպասարկող ընկերությունների կողմից կատարվում են ճանապարհների երթևեկելի հատվածների ձյան մաքրման և աղ ու ավազով մշակման աշխատանքներ։

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի կանխատեսումներով՝ Միջերկրական ծովից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ փետրվարի 6-ին, 7-ին հանրապետության մեծ մասում, այդ թվում՝ Շիրակում, սպասվում են ձյան ինտենսիվ տեղումներ։