Ադրբեջանական բանակի գլխավոր շտաբի պետ, պաշտպանության փոխնախարար Քերիմ Վելիեւը եւ ցամաքային զորքերի հրամանատար Էնվեր Էֆենդիեւն այցելել են զորամասեր եւ ստուգել ինտենսիվ պարապմունքների ընթացքը նոր զորավարժությունների շրջանում։ Այս մասին տեղեկացրել են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ հղում կատարելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությանը։

«Գլխավոր շտաբի պետը լսել է հրամանատարական կազմի զեկույցը պարապմունքների կազմակերպման եւ անցկացման մասին։ Նշվել է, որ հատուկ ուշադրություն է դարձվում ստորաբաժանումներում մարտական պատրաստվածության միջոցառումների որակյալ կազմակերպմանը։ Պլանային կարգով անցկացվող զորավարժանքների ժամանակ հիմնական ուշադրությունը դարձվում է անձնակազմի տակտիկական-հատուկ պատրաստվածության անհատական ունակությունների զարգացմանը եւ կատարելագործմանը։ Պաշտպանության փոխնախարարն ընդգծել է վարժանքների անցկացման կարեւորությունը հրամանատարական կազմի համար՝ իրական մարտի պայմաններում»,- նրան մեջբերել են ԶԼՄ-ները։