Սիրիայի ավերիչ երկրաշարժ հետեւանքով կան անօթեւան մնացած հայեր, որոնք պատսպարվել են իրենց հարազատների տներում։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Հալեպում «Ռադիո երազ» կայանի տնօրեն Ռուբեն Գեւորգյանը։

Գեւորգյանը նշեց, որ այս պահին հստակ տեղեկություն, թե կոնկրետ քանի հայ է մնացել անօթեւան, չկա։

«Ահազանգ չկա նաեւ անհետ կորած հայերի մասին։ Օգնության կարիք ունեցող հայերը պետք է դիմեն առաջնորդանին, գործող կուսակցություններին, որ իրենց տրվեն պարագաններ եւ հնարավորության դեպքում կեցության վայր։ Շենքեր կան, որոնք հիմնահակատ են փլուզված, շենքեր կան, որոնք մասնակի, իսկ շատ շենքեր էլ ճաքեր են ստացել։ Պարզ չէ՝ այդ շենքերը որքան կարող են դիմանալ, պետք է շենքի ամրությունը ստուգվի, նոր միայն բնակիչները վերադառնալու թույլտվություն ստանան»։

Գեւորգյանի խոսքով՝ այժմ եղանակը համետաբար բարենպաստ է, փրկարարները շարունակում են փլատակներից դուրս հանել զոհերին եւ վիրավորներին։

«Սկզբի ժամերը շատ ծանր էին, ցուրտ էր, անձրեւ, հիմա մարդիկ սկսել են վերադառնալ հասկանալ՝ ինչ վնասներ են կրել։ Պետական մարմինները զգուշացրել են, որ հնարավոր է հետցնցումներ լինեն։ Որոշ վնասներ է կրել Քեսաբի եկեղեցին։ Լաթաքիայի մարզի մյուս կոթողների հուշարձանների մասով այս պահին տեղեկություններ չունենք։ Փլուզված պետական կառույցներ չկան։ Վնասված շատ մզկիթներ կան։ Առավելապես ավերվել են քարե հին շենքերը»,- նշեց Ռուբեն Գեւորգյանը։

Հիշեցնենք, որ 7,4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայի Կահրամանմարաշ նահանգում, ժամը 04.17-ին, ավերածություններ են տեղի ունեցել մի շարք քաղաքներում։ Տեղեկացվել է նաեւ Սիրիայի մի քանի շրջաններում տեղի ունեցած ավերածությունների մասին, երկրաշարժը զգացվել է Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում։ Զոհերի թիվը Սիրայում հասել է 237-ի, իսկ Թուրքիայում՝ 284-ի:

Հալեպում ավերիչ երկրաշարժի հետևանքով մահացել են հալեպահայեր մայր և որդի Միրնա եւ Ալպեր Թենքեճյանները։ Նրանք «Ազիզիյե» հայաշատ շրջանի բնակավայրից էին։

Սիրիայում երկրաշարժի հետեւանքով զոհվել են հայ մայր ու որդի