Ամբողջ Սիրիայում երկաթուղային հաղորդակցությունը դադարեցվել է՝ ստուգելու համար երկաթուղու վիճակը երկուշաբթի առավոտյան երկրի մի շարք շրջաններում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից հետո, նշվել է Սիրիայի տրանսպորտի նախարարության հայտարարությունում, որը հաղորդել է «Ալ-Իհբարիա» հեռուստաալիքը։

«Դադարեցվել է գնացքների երթեւեկն ամբողջ երկաթուղում՝ որպես կանխիչ միջոց։ Տեխնիկական բրիգադները ստուգում են երկաթուղու, ճանապարհների եւ կամուրջների վիճակը»,- նշվել է հաղորդագրությունում։

Սիրիայի ամենամեծ նավթավերամշակման գործարանը Բանիաս քաղաքում դադարեցրել է աշխատանքը՝ երկրաշարժից սարքավորումների վնասվելու պատճառով, նորոգման համար առնվազն 48 ժամ է պետք, նշվել է Սիրիայի նավթի եւ հանքային պաշարների նախարարության հաղորդագրությունում, որը փոխանցել է «Ալ-Իհբարիա» հեռուստաալիքը։

Բացի այդ, նախարարության տվյալներով՝ Բանիասում վնասվել են նախարարության աշխատակիցների բնակելի շենքերը, ինչպես նաեւ Հալեպի գազապահեստարանների հենասյուները։