Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով կան վնասված հայկական սրբատեղիներ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Ստամբուլում հրապարակվող «Ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Արա Գոչունյանը:

«Սեբաստիայում եւ Դիարբեքիրում եկեղեցիները չեն վնասվել։ Կեսարիայում գործող  Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին նույնպես ապահով է։ Մուսալեռան հայկական Վաքըֆլից գյուղի եկեղեցին եւս խնայված է։ Իսքենդերունի շրջանում Սրբոց Քառասուն Մանուկ եկեղեցին է լրջորեն ավերվել, նույն գյուղի լատին եկեղեցին ամբողջապես փլուզված է, հունաց եկեղեցին եւս լուրջ վնասներ է կրել»,- ասաց Գոչունյանը։

Գոչունյանը նշեց, որ այս շրջանների բոլոր հայերը կրել են լուրջ վնասներ, դրանք դեռեւս գնահատված չեն։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր երկրաշարժի հետևանքով Սիրիայի Հալեպ քաղաքում 2 հայ է զոհվել (մայր ու որդի), երկու հայ էլ վիրավորվել է։

Հիշեցնենք՝ այսօր հզոր երկրաշարժեր են տեղի ունեցել Թուրքիայում ու Սիրիայում։ Թուրքիայում զոհերի թիվը հասել է 284-ի, վիրավորվել է 2383-ը։ Սիրիայում երկրաշարժի զոհ է դարձել 237 մարդ, վիրավորվել է 639-ը։

322071394_862386588395111_6562735870294767468_n.jpg (49 KB)

329196133_1308045950043257_4433422831499881669_n.jpg (25 KB)

329323770_1252161942321941_4907763077449184862_n.jpg (29 KB)

329486956_873285630557374_228904907042071206_n.jpg (49 KB)