Օդապարիկը, որը, ենթադրաբար, պատկանում էր Հյուսիսային Կորեային եւ նախատեսված էր եղանակային պայմանների ուսումնասիրության համար, կարճ ժամանակով մտել է  Կորեայի Հանրապետության օդային տարածք, հաղորդում է Yonhap լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով հարավկորեական զինվորականներին:

Նրանց տվյալներով՝ կիրակի երեկոյան մոտ 2 մետր տրամագծով օդապարիկը նկատվել է Կյոնգիդո նահանգի սահմանամերձ շրջանում, մի քանի ժամ անց, այն հավանաբար դուրս է եկել Կորեայի Հանրապետության օդային տարածքից։ Սեուլում պարզաբանել են, որ ԿԺԴՀ-ի հրետանավորները նմանատիպ օդապարիկներ են արձակում քամու ուղղության մասին տեղեկատվություն հավաքելու համար, եւ որ այդ օբյեկտները հաճախ նկատվում են հարավկորեացի զինվորականների կողմից։ Yonhap-ը հավելում է, որ այդ նպատակով թերակղզու հարավում գտնվող զինվորականները նույնպես օդապարիկներ են օգտագործում։

Բացի այդ, Ազգային պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Չոն Հա Գյուն ասել է, որ ԱՄՆ-ի կողմից խոցված չինական օդապարիկը, ըստ Սեուլի, չի թռչել Կորեայի Հանրապետության տարածքով։ Վաշինգտոնը պնդում է, որ այս օդապարիկը հետախուզական է եղել։ Պեկինը պատասխանել է, որ օդապարիկը քաղաքացիական էր եւ օգտագործվել է, մասնավորապես, օդերեւութաբանական հետազոտությունների համար։