Առատ ձյուն է տեղում Աթենքում եւ Հունաստանի շրջանների մեծ մասում, այդ պատճառով երկուշաբթի փակ են դպրոցները, հեռավար աշխատանքի են անցել ձեռնարկությունների եւ հաստատությունների աշխատակիցները, արգելված է առաքումը, ոստիկանությունը տուգանում է առանց շղթայի երթեւեկող մեքենաների վարորդներին, չեղարկվել են տարբեր միջոցառումներ։

Վատ եղանակը պայմանավորված է «Բարբարա» ցիկլոնով, տարբեր շրջանների բնակիչներին արտակարգ ծառայությունների 112 հեռախոսահամարով ուղարկվել են շտապ իրազեկումներ ուժեղ ձյան մասին, կոչ է արվել առանց ծայրահեղ անհրաժեշտության դուրս չգալ տներից։

Իշխանությունները հայտարարել են ձյան հետեւանքների դեմ պայքարի միջոցառումների մասին։

Երկուշաբթի այն շրջանների դպրոցները, որոնցում առատ ձյուն է տեղում, անցել են հեռավար ուսուցման։

Հյուսիսային եւ հյուսիսարեւելյան Ատտիկայում, ներառյալ Աթենքի հյուսիսային արվարձանները, երկուշաբթի փակ են խանութները, «բացառապես բնակչության անհետաձգելի սպասարկման համար» մինչեւ ժամը 18.00-ն կարող են աշխատել դեղատները, մթերային խանութները եւ սուպերմարկետները, ավտոլցակայանները եւ մեքենաների համար գործիքներ ու շղթաներ վաճառող խանութները։ Ժամը 18.00-ից այդ շրջաններում արգելվում է ապրանքների վաճառքն առաքմամբ։

Պետական ծառայությունների եւ մասնավոր ձեռնարկությունների աշխատակիցներին խորհուրդ է տրվում անցնել հեռավա աշխատանքի, եթե դա հնարավոր է։