86 տարեկանում կյանքից հեռացել է ականավոր ցեղասպանագետ, Զորյան ինստիտուտի՝ Ցեղասպանագիտության եւ մարդու իրավունքների համալսարանական ծրագրի ղեկավար Ռոջեր Սմիթը։ Այս մասին տեղեկացնում են «Հայաստանի Զորյան ինստիտուտ» հետազոտությունների եւ զարգացման միջազգային հիմնադրամից։ Հիմնադրամի տարածած հաղորդագրության մեջ ասվում է․

«Պրոֆեսոր Սմիթի գրչին են պատկանում ցեղասպանության էությունը, լեզուն, ժխտումը բացահայտող բազմաթիվ հոդվածներ։ Ռոջեր Սմիթը եղել է նաեւ Զորյան ինստիտուտի՝ «Ցեղասպանագիտություն եւ կանխարգելում» գիտական ամսագրի, որն հետագայում վերանվանվեց «Ցեղասպանագիտության միջազգային ամսագիր», ստեղծման եւ վերահսկման ակունքներում եւ երկար ժամանակ հանդիսացել դրա հիմնադիր համախմբագիր։

Որպես Ցեղասպանության եւ մարդու իրավունքների համալսարանական ծրագրի ղեկավար Ռոջեր Սմիթը կարեւոր դերակատարություն է ունեցել ծրգրի զարգացման եւ հաջողության գործում։ Պրոֆեսոր Սմիթի անձնվեր գործունեությունը ծրագրի կայացման հարցում ակնհայտ էր, նա տարեցտարի արդարացիորեն արժանանում էր նորահայտ գիտնականների սիրուն եւ համակրանքին, դառնում շատ շրջանավարտների եւ եիտասարդ գիտնականների խորհրդատուն եւ ընկերը ողջ աշխարհում՝ այդ թվում նաեւ շատուշատ հայաստանցի ուսանողների։

2008 թվականին Պրոֆեսոր Սմիթը ՀՀ նախագահի կողմից պարգեւատրվել է Մովսես Խորենացի մեդալով՝ «Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում նշանակալի ներդրման համար»։ Մովսես Խորենացու մեդալը Հայաստանի Հանրապետության բարձրագույն պարգեւն է, որը շնորհվում է մշակույթի, արվեստի, գրականության, կրթության, հասարակագիտական գիտությունների եւ սպորտի բնագավառներում ունեցած ակնառու նվաճումների համար: Պրոֆեսոր Սմիթին շնորհվել է նաև Սենտ-Էնդրյուս համալսարանի գրականության դոկտորի կոչում 2018 թվականին Երուսաղեմի Հոլոքոստի և ցեղասպանության ինստիտուտի կողմից՝ ի

նշան ցեղասպանության ուսումնասիրության և քաղաքական տեսության մեջ ունեցած իր ավանդի:

Ռոջեր Սմիթը եղել է ականավոր գիտնական, ցեղապանագիտության ռահվիրա, ցեղասպանության ժխտողականության ուսունմասիրության առաջամարտիկ, հայ ազգի մեծ բարեկամ։ Պրոֆեսոր Սմիթը եղել է Վիրջինիայի Ուիլյամ եւ Մերի քոլեջի Կառավարման ֆակուլտետի պատվավոր պերֆեսոր, ուր դասավանդել է քաղաքական տեսություն եւ համեմատական ցեղասպանգիտություն առարկաները։ Ռոջեր Սմիթը եղել է Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության հիմնադիր անդամը, 1997-1999 թվականներին հանդիսացել է Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության նախագահը։

Ռոջեր Սմիթը մշտապես պայքարել է արդարության, ճշմարիտ խոսքի եւ մարդու իրավունքների գերակայության համար, եղել է լավ բարեկամ եւ անաչառ խորհրդատու գործընկերների եւ անսպառ ներշնչանքի աղբյուր իր ուսանողների համար։ Զորյան ինստիտուտի ողջ անձնակազմը հավատում է, որ Ռոջեր Սմիթը շարունակելու է ապրել իր ընտանիքի, ընկերների, ուսանողների, իրեն ճանաչող եւ անգամ չճանաչող, բայց իր գրչին ծանոթ մանրդկանց հուշերում։ Գիտնական եւ ցեղասպանագետ Ռոջեր Սմիթը դեռ շատ սերունդներ է կրթելու իր հոդվածներով եւ աշխատություններով։

Ռոջեր Սմիթի հիշատակի արարողությունը տեղի կունենա 2023 թվականի գարնանը։

Սմիթների ընտանիքը խնդրել է բոլորին Ռոջեր Սմիթի հիշատակին ծաղիկներ խոնարհելու փոխարեն, նախատեսված գումարը նվիրաբերել Զորյան ինստիտուտին»։