Զինվորական կացարանում տեղի ունեցած հրդեհի հետեւանքով զոհված 15 զինծառայողների գործով հարցաքննվել են 2 տասնյակից ավելի զինվորականներ ու քաղաքացիական անձինք։ Այս մասին այսօր՝ փետրվարի 6-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Քննչական կոմիտեի նախագահի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։

«Հարցաքննվողների շրջանակը մենք չենք հայտնում անվանական, սա բացառվում է։ Հարցաքննվել են զինվորականներ ու քաղաքացիական անձինք, զինվորականներ, որոնք ուղիղ առնչություն ունեն տվյալ վաշտի ու դեպքի հետ։ Հարցաքննվածների թիվն ընդհանուր 2 տասնյակից ավելին է»,- նշեց Գոռ Աբրահամյանը։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունվարի 19-ին, ժամը 01:30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 15 ժամկետային զինծառայող, 7 զինծառայող տեղափոխվել է  Վարդենիսի հոսպիտալ, նրանից չորսը բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել, 3–ը՝ ծանր վնասվածքներով տեղափոխվել Երևան՝ Այրվածքաբանության ազգային կենտրոն:

Դեպքից անմիջապես հետո պաշտոններից ազատվել են 2-րդ բանակային կորպուսի հրամանատարը և ևս 7 բարձրաստիճան զինվորականներ։