Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակման ժամանակ Իրանի ոստիկանությունը ոչ մի միջոց չի ձեռնարկել հարձակումը կանխելու համար։ Այս մասին ճեպազրույցում ասել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Նա նշել է, որ մինչ ահաբեկիչը տարբեր փորձեր էր անում Ադրբեջանի դեսպանատուն մտնելու համար՝ իրանական ոստիկանությունը անգործության էր մատնվել։

«Տեսնելով, որ դեսպանատուն մտնելու փորձը չի հաջողվել, ահաբեկիչը՝ զինված հրացանով, ատրճանակով եւ դյուրավառ խառնուրդով շշով, կրակ է բացել այն բնակարանների ուղղությամբ, որտեղ գտնվել են դեսպանատան աշխատակիցների ընտանիքների անդամները։ Այնուհետ նա փորձել է հրկիզել մեր դեսպանատան մեքենան։ Ավելի ուշ անհայտ անձը մոտեցել է ահաբեկչի մեքենային ու այնտեղից ինչ-որ իրեր վերցրել։ Այս բոլոր փաստերը վկայում են այն մասին, որ կատարվածը ծրագրված ահաբեկչություն էր»։